ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Հայաստանում չգիտեն` երբ կգործարկվի իրանական «Պարսից ծոց - Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք (ՄՏՄ) նախագիծը։ Միևնույն ժամանակ Երևանում գիտակցում են դրա նշանակությունը և սպասում Թեհրանի վերջնական պատասխանին:
«Պարսից ծոց-Սև ծով» Միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի գաղափարը 2016 թվականին առաջին անգամ հնչեցրեց Իրանը: Նախագծին պաշտոնապես մասնակցում են Հայաստանը, Բուլղարիան, Վրաստանը և Հունաստանը։ Պաշտոնապես նախագիծը պետք է Թեհրանը կապի Եվրոպային (դա չի նշանակում, որ Իրանը դեպի ԵՄ երկրներ ուրիշ ելք չունի. խմբ.) Երևանով և Թբիլիսիով` այդպիսով մեծացնելով մասնակից երկրների տարանցիկ հնարավորությունները։ Քննարկվում է նաև նախագծին Դելիի միանալու հարցը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից նշել են, որ նախագծի համաձայնեցման փորձագիտական խմբի ներկայացուցիչների վեցերորդ և առայժմ վերջին հանդիպումը տեղի է ունեցել Բուլղարիայում 2022 թվականի ապրիլի 6-7-ը։
Հանդիպմանը Հայաստանի, Իրանի և Բուլղարիայի ներկայացուցիչները ստորագրել են հանդիպման արձանագրություն, որում ամրագրված է` «Պարսից ծոց - Սև ծով» համաձայնագրի վերջնական տարբերակը պատրաստ է:
«ԻԻՀ-ի կողմից դիվանագիտական խողովակներով 6-րդ նիստի արձանագրությունը և համաձայնագրի նախագծի վերջնական տարբերակն ուղարկվել է տրանսպորտային միջանցքի մասնակից մյուս երկրներին` համաձայնեցնելու համար», - նշել են գերատեսչությունից` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Պատասխանը ստանալուց հետո Թեհրանը պետք է տեղեկացներ համաձայնեցման արդյունքների մասին։ Սակայն ավելի քան մեկ տարի անց իրանական կողմից դեռևս տեղեկություն չի ստացվել։
Նախագծի մասնակից երկրներն ամենայն հավանականությամբ դեռ վերջնականապես չեն համաձայնեցրել մուլտիմոդալ երթուղու իրականացման հարցերը։
Երևանն իր կողմից պատրաստ է վավերացնել համաձայնագիրը և կարծում է, որ ՄՏՄ-ի գործարկումը խթան կհանդիսանա մուլտիմոդալ փոխադրումների զարգացման համար և կբարձրացնի Հայաստանի տարանցիկ գործառույթը Եվրոպա-Ասիա առանցքով միջազգային բեռնափոխադրումներում:
Հիշեցնենք, որ «Պարսից ծոց – Սև ծով» ՄՏՄ-ի` Հայաստանի տարածքով գործարկումը չափազանց կարևոր է Երևանի համար ոչ միայն լրացուցիչ բեռնափոխադրումների ներգրավման, ներդրումների և լոգիստիկ հզորությունների ընդլայնման տեսանկյունից. տրանսպորտային զարկերակը թույլ կտա Հայաստանին ստանալ մի շարք արտոնություններ՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, կմեծանա Հայաստանի դերը տարածաշրջանում։
Նախագծի կարևորության մասին ավելի մանրամասն` այստեղ։