Գյումրիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ․ մեկ անձ ձերբակալվել է

Արխիվային լուսանկար
Սուր կտրող ծակող գործիքից ստացած վնասվածքներից 36-ամյա տղամարդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Գյումրիում գործող ռեստորաններից մեկում բարբառի հետ կապված լեզվակռիվն ավարտվել է դանակահարությամբ, որի հետևանքով 36-ամյա տղամարդը մահացել է, իսկ 40-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Մասնավորապես, օգոստոսի 6-ի գիշերը ՀՀ ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը աջ դաստակի շրջանում վնասվածքով «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժօգնության է դիմել Գյումրի քաղաքի՝ 1983թ․ ծնված բնակիչ, որը հայտնել է, որ վնասվածքն ստացել է ընկերոջը դանակահարելու ընթացքում միջամտելու ժամանակ։
Նույն օրը նշված բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բժշկական կենտրոնի բակում հայտնաբերվել է կողերի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով տղամարդու դի։ Պարզվել է, որ վերջինս հանդիսանում է 36-ամյա Ա․ Սարդարյանը։
Սպանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ օգոստոսի 5-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Գյումրիում գործող ռեստորաններից մեկում բարբառի հետ կապված լեզվակռիվ է տեղի ունեցել նշված ռեստորանի երկու աշխատակիցների միջև, որը, արդեն երկու կողմից այլ անձանց ներգրավմամբ, շարունավել է աշխատանքայի ավարտից հետո։
Վիճաբանության մասնակիցներից մեկը սուր կտրող ծակող գործիքով հարվածել և վնասվածքներ է հասցրել իր հետ վիճաբանողներից մեկի աջ ձեռքին, Ա․Սարդարյանի որովայնի հատվածին և դիմել փախուստի։ Ստացած վնասվածքներից Ա․Սարդարյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Վնասվածք ստացած անձը, ինչպես նաև մահացած Ա․Սարդարյանը ճանաչվել են տուժող։
Իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում հանցագործություն կատարած անձը՝ Մասիս խոշորացված համայնքի բնակիչ 36-ամյա տղամարդը, հայտնաբերվել է ՀՀ Գեղարքունիքի մարզում և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Վերջինս ձերբակալվել է։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: