ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Հյուսիսային Նորվեգիայում և Ֆինլանդիայում մոլեգնող թռչնագրիպի վիրուսը կարող է մարդկանց շրջանում նոր համավարակ առաջացնել` կաթնասունների շրջանում մուտացիաների կրող գտնելով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ֆինլանդիայի պարենային գործակալության ներկայացուցիչ Թոնի Նիեմինենին։
Կազմակերպության տվյալներով` Ֆինլանդիայում վիրուսն ախտահարել է 21 անասնապահական տնտեսություն։ Վարակի աղբյուրը վայրի թռչուններն են, մասնավորապես ճայերը։ Գենոմի նմուշների ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ մորթավոր կենդանիների մոտ գրիպի որոշ վիրուսներ ունեն մուտացիաներ, որոնք վկայում են, որ վիրուսը մուտացիայի է ենթարկվել կաթնասունների վարակման արդյունքում:
«Այս խնդիրը ոչ միայն ազգային նշանակություն ունի։ Միջազգային առողջապահական մարմիններն ու գիտնականները նույնպես վախենում են, որ վիրուսին կաթնասունների ադապտացիան կարող է վատագույն դեպքում հանգեցնել մարդկանց շրջանում գրիպի նոր վիրուսի համավարակի»,-նշել է Նիեմինենը:
H5N1 տեսակի բարձր ախտածին թռչնագրիպի հայտնաբերման առաջին դեպքերի մասին պարենային գործակալությունը հայտնել էր հունիսին։ Վիրուսը հայտնաբերվել է ոչ միայն թռչունների, այլև մորթավոր կենդանիների մոտ` ֆերմաներում:
Օգոստոսի սկզբին իշխանությունները որոշում են կայացրել մոտ 50 հազար մորթավոր կենդանիների (հիմնականում` ջրաքիսների) էվթանազիայի ենթարկելու մասին` համաճարակի դեմ պայքարելու համար: