ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Արցախում առաջացել է կանխիկ դրամի խնդիր: Այս մասին հայտարարել են Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից, տեղեկությունը փոխանցում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Քանի որ 2022թ. դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է շրջափակման մեջ, իսկ ընթացիկ տարվա հունիսի 15-ից լրիվությամբ դադարեցված են նաև հումանիտար բեռնափոխադրումները, Արցախում առաջացել է կանխիկ դրամի խնդիր»,–նշվում է հաղորդագրությունում։
Աշխատավարձերն ու թոշակները վճարելու, սոցիալական աջակցության ծրագրերն իրականացնելու և կանխիկ դրամաշրջանառության ներքին ընթացքն ապահովելու համար նախարարությունից խնդրում են Արցախի բնակիչներին բանկային հաշիվներում պահվող դրամական միջոցները կանխիկացնել ըստ անհրաժեշտության, իսկ ազատ կանխիկ միջոցները պահել բանկային հաշիվներում:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։