Արցախի նախագահը նշել է, թե ինչ տարաձայնություններ ունի ՀՀ իշխանությունների հետ

Արխիվային լուսանկար
Նա հորդորել է ՀՀ իշխանություններին զերծ մնալ այն քայլերից, որոնք կարող է կասկածի տակ դնել Արցախի ինքնորոշման իրավունքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ՀՀ իշխանությունների հետ մենք ունենք տարաձայնություններ արցախյան խնդրի հետ կապված։ Այս մասին հայտնել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի Հանրային հեռուստաընկերության եթերում օգոստոսի 6-ին անդրադառնալով ՀՀ իշխանությունների հետ իր հարաբերություններին։
Նա վստահեցրել է, որ ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններն այնուամենայնիվ բավականին ակտիվ են և կրում են պարբերաբար շփումների բնույթ։
«Արցախյան շարժումը սկսվել է հայ ժողովրդի կողմից, այն արտացոլվել է հանրաքվեներով և այն մի մարդու մենաշնորհ չէ։ Ուզում եմ հորդորել ՀՀ իշխանություններին Լեռնային Ղարաբաղի հետ կապված լինել շատ զգույշ. ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնելու և սահմանափակելու մեր ինքնորոշման իրավունքը»,– ասել է նա։
Նա հիշեցրել է, որ այդ իրավունքի առումով պատրաստակամություն է հայտնել պայքարել Արցախի ժողովուրդը, իսկ այդ պատրաստակամությունը ժողովուրդը հայտնել է, իմանալով, որ ունենալու է պատերազմներ ու զրկանքներ։
«Այսօրվա զրկանքները մենք կրում ենք այդ գիտակցումով։ Այդ առումով մենք ունենալու ենք տարաձայնություններ, սակայն ամեն ինչ հարթվելու է, ամեն ինչ կորցված չէ»,- ասել է Արցախի նախագահը։
Նա հորդորել է Հայաստանի իշխանություններին զերծ մնալ այն քայլերից, հայտարարություններից, որոնք կարող են կասկածի տակ դնել Արցախի ինքնորոշման իրավունքը։
Արայիկ Հարությունյանը նշել է նաև աշխարհասփյուռ հայությունից Արցախն առաջին հերթին ակնկալում է բարոյական աջակցություն։
Նոր երթուղին համաձայնեցված էր. Արայիկ Հարությունյանը արձագանքել է Փաշինյանի մեղադրանքներին
«Մենք ակնկալում ենք տարբեր միջոցառումներ ի աջակցություն Արցախի, նաև նյութական աջակցություն, քանզի շրջափակման մեջ տնտեսություն պահել անհնարին է»,- ասել է նա։
Անդրադառնալով Արցախյան հարցի լուծման ռուսական և արևմտյան առաջարկներին` Արցախի նախագահը նշել է, որ Ստեփանակետի հետ որևէ օրակարգ չի քննարկվել։
Նա հավելել է, որ ցանկացած առաջարկ, որ ուղղված կլինի Ստեփանակերտին, պարտավոր է հարգել ժողովրդի արժանապատվությունն ու իրավունքները։