ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Ռուսաստանի հետ բանակցություն այս պահին չի ընթանում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Ռուսաստանի հետ ոչ մի բանակցություն այժմ չի ընթանում, քանի որ ՌԴ-ն հրաժարվել է խաղաղության մասին բովանդակային երկխոսությունից», - հայտարարել է Միլլերը։
Նա հավելել է` Վաշինգտոնը պատրաստ է ստանձնել ցանկացած հնարավոր կառուցողական դեր, որպեսզի Կիևին աջակցի հակամարտության կարգավորման շուրջ ապագա երկխոսության համատեքստում:
Բացի այդ, Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ն կողջունի ցանկացած այլ երկրի կառուցողական ներդրումն այդ գործընթացում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։