Աղմկահարույց դեպքից հետո «Ջրաշխարհը» պարզաբանում է տարածել

Պարզաբանման մեջ նշվում է, որ անհիմն շահարկվում է «Ջրաշխարհի» անունը. իրենք ցանկանում են նկարագրել և լուսաբանել կատարվածը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Հաշմանդամություն ունեցող 8 երեխաների մուտքը «Ջրաշխարհ» խոչնդոտելու առնչությամբ բարձրացված աղմուկից հետո ընկերությունը պարզաբանում է տարածել և փորձել բացատրել կատարվածը։
Պարզաբանման մեջ նշվում է, որ երկու երիտասարդ և մեկ պատանի մոտեցել են «Ջրաշխարհ»` թվով 8 հաշմանդամություն ունեցող երեխաներին ընդունելու հարցով:
«Նրանց դիմավորել են պատասխանատու աշխատակիցները և պատրաստակամություն հայտնել երեխաներին անվճար հիմունքներով հյուրընկալելու և նրանց հանգիստը կազմակերպելու համար, ինչպես նաև ծանոթացրել «Ջրաշխարհում» գործող ներքին կանոնակարգին: Հայտնելով իրենց գոհունակությունը` տղաները հեռացել են հաշմանդամ երեխաների հետ վերադառնալու պայմանով»,-նշված է պարզաբանման մեջ։
Ընկերությունից նաև հայտնում են, որ իրենց աշխատակիցները երկար սպասել են նշված խմբին, բայց նրանք այդպես էլ չեն վերադարձել: Նշվում է, որ «Ջրաշխարհի» տնօրենությունը պատրաստ է հանդիպման և կատարվածի պարզաբանման համար: Ինչպես նաև պատրաստ են հավաստի փաստեր ներկայացնել կատարվածից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է դեպքին և ընդգծել, որ խիստ կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ցանկացած խտրական վերաբերմունքի բացառումն ու հասարակության բոլոր անդամների համար հավասար հնարավորությունների ապահովումը:
Նշենք, որ դեպքը մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերի հայկական տիրույթում։ Բազմաթիվ մարդիկ իրենց դժգոհությունն են հայտնել ու ամոթանք տվել ընկերությանը։