Ադրբեջանը ոչնչացնում է հայկական ժառանգությունը. Գարեգին Բ–ն` Իրանի նորանշանակ դեսպանին

ԳԱրեգին Երկրորդն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպանին
Կաթողիկոսը Իրանի իշխանություններին շնորհակալություն է հայտնել իրանահայ համայնքի հանդեպ ցուցաբերվող ուշադրության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանիին և անդրադարձել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության յուրացման փորձերին և ոչնչացման փաստերին։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Կաթողիկոսը խոսել է նաև ադրբեջանական իշխանությունների ուղղորդմամբ, կրոնական ու մշակութային արժեքների նկատմամբ դրսևորվող հանցագործ գործողությունների մասին և այդ համատեքստում դատապարտելի համարել նաև օրերս Ղուրանի այրման միջադեպը։
Գարեգին Երկրորդը շեշտել է, որ դեսպանի առաքելությունը համընկել է հայ ժողովրդի համար դժվարին ժամանակաշրջանին և իր գնահատանքը հայտնել Իրանին` պատերազմի և հետպատերազմական այս ծանր շրջանում Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար:
«Կաթողիկոսը Իրանի իշխանություններին շնորհակալություն է հայտնել իրանահայ համայնքի հանդեպ ցուցաբերվող ուշադրության, ինչպես նաև հայկական մշակութային արժեքների նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի համար»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ–ում Իրանի նորանշանակ դեսպանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ
Մեհդի Սոբհանին, խոսելով իր առաջիկա անելիքների մասին, կարևորել է երկու ժողովուրդների բարեկամական կապերի զարգացման գործում նաև միջկրոնական երկխոսությունը: Նա, խոսելով տարածաշրջանային իրավիճակի մասին, ընդգծել է հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Մայր աթոռի և Իրանի միջև առկա փոխգործակցային հարաբերություններին՝ կարևորելով մշակույթի ոլորտում համագործակցությունը, կրոնական երկխոսությունը, միջկրոնական համաժողովների կազմակերպումը:
Հիշեցնենք` Սոբհանին Հայաստանում Իրանի դեսպանի պաշտոնում փոխարինում է Աբբաս Բադախշան Զոհուրիին, որն ավարտել է իր առաքելությունը ՀՀ–ում։ Նա մեր երկրում Իրանի դեսպան էր նշանակվել 2019 թվականին, Հայաստանում դիվանագիտական ծառայությունը սկսել 2020-ի սկզբին: