ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Մոսկովյան «Լոկոմոտիվը» բանակցում է գերմանական «Վերդերի» հետ պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի շուրջ։ Տեղեկությունը հայտնել է ակումբի մարզական տնօրեն Դմիտրի Ուլյանովը «Матч ТВ»-ի հետ զրույցում։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ գերմանական ակումբը պատրաստ է գնել Տիկնիզյանին 2.5 մլն եվրոյով, սակայն Մոսկվայում այդ առաջարկին չեն համաձայնել։
«Այո, մենք բանակցություններ ենք վարում Բրեմենի «Վերդերի» հետ։ Խոսքը նրա տրանսֆերային արժեքի մասին է: Եթե համաձայնության չգանք, նա կշարունակի խաղալ մեր թիմում»,– ասել է Դմիտրի Ուլյանովը։
Նա հրաժարվել է հայտնել հնարավոր տրանսֆերի արժեքը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Նաիր Տիկնիզյանով հետաքրքրված են իսպանական «Ռեալ Սոսյեդադը», «Վալենսիան», ինչպես նաև գերմանական «Վոլֆսբուրգը»:
Տիկնիզյանը «Լոկոմոտիվ» է տեղափոխվել 2021 թվականին ԲԿՄԱ-ից ։ Նա հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում։ Այս տարվա մարտից Տիկնիզյանը խաղում է Հայաստանի ազգային հավաքականում: Նա ստացել է հայկական անձնագիր: