ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Իսրայելի Գերագույն դատարանը ժամանակավոր որոշում է կայացրել, որը կսառեցնի վարչապետին անգործունակ հայտարարելու կանոնների մասին մարտին ընդունված օրենքի իրագործումը մինչև հաջորդ ընտրական շրջանը: Տեղեկությունը հայտնում է իսրայելական Arutz Sheva հարթակը։
«Գերագույն դատարանն այսօր ժամանակավոր որոշում է կայացրել վերջերս ընդունված անգործունակության մասին օրենքի դեմ ու պարտավորեցրել է պետությանը բացատրել, թե ինչու չպետք է հետաձգի օրենքի կիրառումը մինչև Քնեսեթի հաջորդ գումարումը», – նշված է հաղորդագրության մեջ:
Մարտին Քնեսեթի լիագումար նիստում ընդունված օրենքը Գերագույն դատարանին զրկում է Իսրայելի կառավարության ղեկավարի անգործունակության մասին հայցը քննելու կամ հաստատելու լիազորությունից՝ այդ իրավունքը վերապահելով միայն վարչապետին կամ կառավարությանը՝ ձայների երեք քառորդով մեծամասնությամբ որոշում ընդունելու պայմանով:
Անգործունակություն կարող է հայտարարվել նաև միայն բժշկական նկատառումներից ելնելով՝ վարչապետի պարտականությունները կատարելու ֆիզիկական կամ հոգեկան անաշխատունակության դեպքում:
Օրենքը չեղյալ հայտարարելու որոշումը կդառնա Իսրայելի պատմության մեջ առաջին դեպքը, երբ Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել պետության, այսպես կոչված, հիմնական օրենքներից մեկը: