Բերդավանը Տավուշի սահմանապահ գյուղերից է` հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը 1 կմ հեռավորության վրա։ Չնայած այստեղ ոչ միշտ է խաղաղ ու հանգիստ` մարդիկ ջանք ու եռանդ չեն խնայում իրենց այգիները մշակելու, անասնապահությամբ զբաղվելու համար, ձգտում են էլ ավելի շենացնել գյուղը։
Էրիկ Հախվերդյանը ծնվել ու մեծացել է այս գյուղում, զինվորական ծառայությունից հետո մեկնել է Ռուսստան, աշխատել է ռեստորանում որպես մատուցող, երբեմն էլ` խոհարար ու բարմեն։
Էրիկ Հախվերդյանի այգում
© Sputnik / Aram Nersesyan
Հայրենիք վերադառնալու ու սեփական բիզնես ստեղծելու միտքը միշտ ուղեկցել է նրան, բայց ամեն անգամ ինչ-որ պատճառներով երազանքը մնացել է անկատար։
2022 թ.–ի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիան Հայաստանի ուղղությամբ այլևս երկմտելու տեղ չթողեց, Էրիկը թողեց լավ աշխատանքն ու բարեկեցությունը ու վերադարձավ Հայաստան։
«Ինձ մոտ հարց առաջացավ, որ հետ չգամ, բա ի՞նչ անեմ։ Հավաքեցի իրերս ու եկա Հայաստան»։
Եկավ ու անցավ գործի։ Որոշել էր այնպիսի գեղեցիկ ու էկզոտիկ այգի ստեղծել, որ դրա մասին խոսեն բոլորը։ Ստացվեց. Էրիկը հիմա Հայաստանում միակ ֆերմերն է, որն այգին մշակում է պերմակուլտուրայի մեթոդով։
Էրիկ Հախվերդյանի այգում
© Sputnik / Aram Nersesyan
Էրիկի այգին առաջին հայացքից իսկական խառնաշփոթ է հիշեցնում։ Լոլիկը, վարունգը, սխտորն ու կանաչեղենը նույն մարգում են, կողքին արևադարձային պտուղների ծառեր են ու եզակի ծաղիկներ։ Բայց մի կարևոր առավելություն կա` այգին մշակելիս Էրիկը չի օգտագործում և ոչ մի գրամ թունաքիմիկատ։ Իսկ բերքը միևնույնն է՝ առատ է, վնասատուները այն չեն փչացնում, իսկ համի մասին խոսքերն ավելորդ են։
«Մարդիկ մտածում են, թե գյուղատնտեսությունը հոգս է, ու ժամանակ չեն կարողանա հատկացնել դրան, այնինչ այս մեթոդով ամեն օր ընդամեը 15 րոպե ես աշխատում այգում, իսկ արդյունքում ունենում ես ավելի օգտակար բերք»։
Բերդավանի գողտրիկ այս այգին արդեն 7 ամսվա պատմություն ունի։ Էրիկը ՌԴ–ից ներկրել ու տնկել է ընկույզների եզակի տեսակներ, օրինակ` պեկան (орех пекан), ամերիկյան սև ընկույզ, կիկորի (гикори), մանջուրական (маньчжурский): Այգում արդեն ծաղկել են մարակույան, պեպինոն, պիտախայան, մանդարինը, մուշմուլան, ունաբը, վարդաթուզը (ֆեյխոա), կարմիր կիվին ու պապայան։
Պերմակուլտուրան գյուղատնտեսության մեջ կիրառվող մեթոդ է։ Այն միտված է միջավայրի մշակմանն ու նախագծմանն այնպես, որ էկոհամակարգի տարրերն ու գործոնները բնական օրինաչափությամբ ազդեն այգու վրա։ Գաղտնիքը պարզ է։ Պետք է այնպես անել, որ բնության բոլոր գործոնները աշխատեն ի օգուտ այգու։
«Երբ առաջին անգամ կարդացի պերմակուլտուրայի մասին հասկացա, որ մենք ամեն ինչ սխալ ենք անում, կարելի է ասել՝ ամեն ինչ հակառակ ենք անում։ Պետք է պարզապես հողի հետ ճիշտ վարվել և վերջ»։
Օրինակ` թունաքիմիկատներն Էրիկը փոխարինել է վնասատուների դեմ բնական պայքարի միջոցներով, լոլիկի կողքին սխտոր է ցանել, և այլևս ոչ մի լվիճ չի մոտենում դրան։ Այսպես վնասատուների դեմ կարող են պայքարել հազարավոր բույսեր, կարևորը ճիշտ նշանակությունն իմանալն ու ճիշտ տեղում այն ցանելն է։
«Շատ լավ համադրություն է նաև ռեհանն ու լոլիկը։ Ռեհանը բացի այն, որ պաշտպանում է լոլիկին, նաև համը մի քանի անգամ ավելի լավն է դարձնում»։
«Երբ նոր սկսեցի այգին վերափոխել, տնեցիները ահավոր վատ ընդունեցին։ Երբ, օրինակ, քարեր սկսեցի բերել այգի, հայրս ասում էր` հո դու հիմար չես, ես ամբողջ կյանքում քարերը հանել եմ այգուց, դու բերում ես հե՞տ։ Բայց հիմա մայրս էլ, հայրս էլ համոզվեցին, որ իմ մեխանիզմը ավելի ճիշտ է։ Բոլոր գործիքները հավաքել են ու պահել նկուղում։ Ասում են` էլ պետք չի»,– պատմում է Էրիկը։
Էրիկի բիզնես գաղափարները միայն այգում չեն սահմանափակվում։ Գյուղ վերադառնալուց հետո նա տան մի մասը հյուրատուն է դարձրել։ Տարածքի կարգ ու կանոնի և շինարարության պատասխանատուն հայրն է, խոհանոցում Էրիկն ու մայրը հավասար բաժանել են գործը։
Հյուրերն այստեղ կարող են համտեսել տավուշյան ուտեստներ, բայց գլխավոր ուտեստը հոնապուրն է, որ պատրաստված է յուրահատուկ բաղադրատոմսով։
Հենց ծառերը բերք տան, Էրիկը պատրաստվում է արևադարձային մրգերից մուրաբաներ, կոմպոտներ ու անգամ գինի պատրաստել, որ հյուրերին զարմացնելու նոր առիթեր լինեն։