Չինաստանը կոչ է արել Ֆիլիպիններին վիճելի կղզիների մոտ անօրինական գործունեություն չծավալել

Չիանստանի դրոշը
Պեկինում ընդգծել են, որ Չինաստանն անվիճելի ինքնիշխանություն ունի Նանշա կղզիների ու դրան հարող ջրային տարածքի նկատմամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Չինաստանը կոչ է անում Ֆիլիպիններին անհապաղ դադարեցնել անօրինական գործունեությունը Նանշա (Սպարտլի) վիճելի կղզիների տարածքում գտնվող ծովային ջրային տարածքում: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունն այսօր հայտարարել է ՉԺՀ Ծովային ոստիկանության վարչության պաշտոնական ներկայացուցիչ Գան Յուն։
Օգոստոսի 6-ին Ֆիլիպինների առափնյա պահպանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Չինաստանի առափնյա պահպանության կողմից ջրցան մեքենաների կիրառումը Ֆիլիպինյան նավերի դեմ Հարավչինական ծովի Այյունգին վիճելի ծանծաղուտում:
Գան Յուն նշել է, որ երկու բեռնատար նավ և առափնյա պահպանության երկու նավ օգոստոսի 5-ին մտել են Նանշա (Սպարտլի) կղզիների տարածքային ջրեր՝ չստանալով Չինաստանի թույլտվությունը:
«Չինաստանի ծովային ոստիկանությունը, օրենքին համապատասխան, վերահսկողության անհրաժեշտ միջոցներ է կիրառել և արգելափակել է ֆիլիպինյան նավերի անցումը, որոնք ապօրինի բեռներ էին տեղափոխում։ Կոչ ենք անում ֆիլիպինյան կողմին անհապաղ դադարեցնել հակաիրավական գործունեությունն այդ ծովային գոտում», - նշված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Չինաստանն անվիճելի ինքնիշխանություն ունի Նանշա կղզիների և դրան հարող ջրային տարածքի նկատմամբ։
«Չինաստանի ծովային ոստիկանությունը կշարունակի օրենքի համաձայն իրականացնել իրավունքների պաշտպանության և իրավակարգի ապահովման գործունեություն այն ջրերում, որոնք գտնվում են Չինաստանի իրավազորության ներքո», - նշված է հաղորդագրության մեջ:
Չինաստանը տասնամյակներ շարունակ վեճերի մեջ է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մի քանի երկրների հետ Հարավչինական ծովի մի շարք կղզիների տարածքային պատկանելիության շուրջ, որոնց ծանծաղուտներում ածխաջրածինների զգալի պաշարներ են հայտնաբերվել: Այդ վեճերում այս կամ այն չափով ներգրավված են Վիետնամը, Բրունեյը, Մալայզիան և Ֆիլիպինները: