ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի դեսպանների հետ արտակարգ նիստի ժամանակ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ առաջիկա ամիսներին Արևմուտքի կողմից կարող է ուժեղացվել ճնշումը Կիևի նկատմամբ ՌԴ–ի հետ խաղաղ բանակություններ սկսելու համար։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով New York Times թերթին։
«Զելենսկին իր դիվանագետներին հայտնել է, որ իրավիճակն էլ ավելի կբարդանա, քանի որ առաջիկա ամիսներին, հավանաբար, կավելանա ճնշումը` նպատակ ունենալով բանակցությունների միջոցով խաղաղության հասնելու ճանապարհ գտնել», – գրում է պարբերականը։
New York Times–ն ընդգծել է, որ Ուկրաինան կրկնակի դիվանագիտական խնդրի է բախվում, քանի որ այն պետք է ոչ միայն պահպանի արևմտյան դաշնակիցների ամուր աջակցությունը հակագրոհի ժամանակ, այլև ընդլայնի այն։
Պարբերականը Կիևի հակահարձակումն անվանել է հոգնեցուցիչ, արյունոտ և թանկարժեք, միևնույն ժամանակ նշելով, որ այն մեծ առաջընթացի չի հանգեցրել։
Դեսպանների հետ նիստի ժամանակ Զելենսկին հայտարարել էր նաև, որ առաջիկա կես տարին Ուկրաինայի համար կարևոր կլինի «գործընկեր երկրներում քաղաքական նոր սեզոնի» ֆոնին։ Բացի այդ նա նշել էր, որ ուկրաինացի օդաչուների ուսուցումը F-16 կործանիչների վրա կմեկնարկի օգոստոսին։