ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Արևմուտքում քաջ գիտակցում են, որ առանց Ռուսաստանի Հարավային Կովկասում չի կարող լուծվել ոչ մի հարց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Նրա խոսքով` Արևմուտքում բավականին գործնական են մոտենում realpolitik - ին, անկախ նրանից, թե Հայաստանի ռոմանտիկ տրամադրված քաղաքական և հասարակական շրջանակները ինչպես են վերաբերվում արևմտյան չափանիշներին:
«Հենց Արևմուտքի հորդորով է Վաշինգտոնի և Բրյուսելի հարթակներում հայ-ադրբեջանական բանակցություններին հաջորդում պետությունների ղեկավարների կամ արտգործնախարարների մակարդակով հանդիպումները Մոսկվայում կամ Սոչիում: Այսինքն՝ արևմտյան քաղաքական գործիչները հասկանում են, որ Հարավային Կովկասում առկա են ռուսական զինված ուժեր, որոնք կարող են ազդել իրական գործընթացների վրա»,– ասաց փորձագետը։
Հակոբյանի գնահատմամբ` գուցե Ռուսաստանը այժմ չունի բավարար ռեսուրսներ իր մոդելն առաջ տանելու համար, սակայն ունի բավարար ռեսուրսներ, որպեսզի թույլ չտա հայ-ադրբեջանական կարգավորման արևմտյան մոդելի իրագործումը:
«Եթե Արևմուտքում որևէ փաստաթուղթ ստորագրվի, ապա այն կմնա որպես թուղթ, եթե ՌԴ-ի կողմից «դաբրո» չստանա։ Եվ ոչ միայն Ռուսաստանի, այլև առնվազն Իրանի։ Կարգավորման որոշումը պետք է ինչ - որ իմաստով կոնսենսուսային լինի», - կարծում է քաղտեխնոլոգը։
Նա նկատում է, որ Ռուսաստանի դիրքորոշումը, որը պնդում է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը ստորագրվի Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքներով, էականորեն տարբերվում է Արևմտյան մոդելից: Արևմուտքում շահագրգռված են, որ Լեռնային Ղարաբաղը հանձնելու մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությունները հնարավորինս արագ փաստաթղթային ձևակերպում ստանան։
«Հայաստանի վարչապետը կարծում է, որ տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության հիմքում պետք է լինեն Թուրքիայի հետ հարաբերությունները ։ Այսինքն ՝ նրա գլխավորած քաղաքական ուժն իր համար շատ հստակ որոշում է կայացրել, որ տարածաշրջանի անվտանգության հիմքում կարող է լինել Թուրքիան։ Կարծում եմ` դա ոչ միայն անիրատեսական է, այլև անլուրջ», - նշեց Հակոբյանը։
Այս իրավիճակում նա կարևորեց հենց արցախցիների դերը։ Քաղաքական վերլուծաբանը վստահ է ՝ եթե իրենք ամրապնդեն իրենց դիրքերը որպես պաշարման մեջ հայտնված ամրոցի տերեր, ապա կարող են դառնալ տարածաշրջանային քաղաքականության գործոն։ Որովհետև կարող են ի հայտ գալ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական խաղացողներ, ովքեր կցանկանան որոշակի վերանայել թե՛ իրենց քաղաքականությունը, թե՛ գործողությունները տարածաշրջանում։
Հակառակ դեպքում, եթե Հայաստանը շարունակի վարել նույն քաղաքական կուրսը, նրանց մնում է երկու տարբերակ՝ կա՛մ ստանալ ադրբեջանական անձնագրեր, կա՛մ ստանալ որևէ այլ երկրի անձնագրեր, որը կարող է իրականում ապահովել նրանց անվտանգությունը։ Օրինակ` ինչպես Աբխազիայում էր։ Փորձագետի կարծիքով ՝ ամեն ինչ դրան է գնում։
Ինչ վերաբերում է ընթացիկ հեռանկարներին, ապա, ինչպես նշում է Հակոբյանը, կան միտումներ, որոնք վաղուց են ձևավորվել, և որոնց շուրջ գործընթացներ են զարգանում։ Մենք տեսնում ենք, որ ռուս-թուրքական հարաբերություններում տեղի են ունենում վերափոխումներ, ինչը նաև մանևրելու որոշակի հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային հիմնական դերակատարների համար։ Ցավոք, Հայաստանի այսօրվա վերնախավը չի կարող նման դերակատարում ունենալ։
«Նրանք, ըստ էության, Հայաստանը դարձրել են ընդամենը տարածաշրջանային քաղաքականության օբյեկտ։ Եվ այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանի շուրջ, ավելի շուտ հիշեցնում է «սիրիացման» գործընթացը, քանի որ բոլոր հիմնական շահագրգիռ խաղացողները փորձում են մեր տարածքում մասնակցել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական վերաձևումներին», - նշեց փորձագետը։
Այնուամենայնիվ, ըստ Հակոբյանի, իրադարձությունները կզարգանան այնքանով, որքանով Հայաստանը դա թույլ կտա։
«Եթե հայ հասարակությունը շարունակի այսօրվա պասիվ, ջայլամի կեցվածքը, ապա մեզ ծանր հեռանկար է սպասվում։ Եթե Հայաստանի քաղաքացիները, հայ հասարակությունը համարում են, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի բաղկացուցիչ հետաքրքրությունների մասը չէ, և հավանություն են տալիս ԼՂՀ-ն Ադրբեջանին հանձնելուն, այդ թվում նաև դե յուրե, ապա բնական է, որ դրան զուգահեռ սկսելու են բուն սակարկություններ «29,8 հազար քառ.կմ» - ի շուրջ։ Դա տեղի է ունենում նաև հիմա, բայց շատերը չեն ուզում տեսնել` պատճառաբանելով թե չեն զբաղվում քաղաքականությամբ»,–ընդգծեց Հակոբյանը։
Նա հավելեց, որ Հայաստանի վարչապետն իր հայտարարություններով և քաղաքականությամբ առիթ է տալիս Ռուսաստանին շրջվելու դեպի տարածաշրջանի այլ երկրներ, այն էլ՝ ի վնաս Հայաստանի։
«Այն բանից հետո, երբ Հայաստանի իշխող ուժը հայտարարեց, որ փաստացի ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ներառյալ Լեռնային Ղարաբաղը, տարածաշրջանում իրավիճակ է փոխվել` փոխվել է և՛ բանակցային տրամաբանությունը, և՛ միջնորդական տրամաբանությունը»,- նշեց քաղաքական վերլուծաբանը:
Նրա կարծիքով ՝ շատ բան կախված է նրանից, թե ինչ միտումներ կձևավորվեն Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ընթացքում։ Այն միտումները, որոնք նկատվում են միջազգային ասպարեզում, և որոնց գագաթնակետը դարձավ Ուկրաինայում իրավիճակի սրումը, պայմանավորված են նոր աշխարհակարգի ձևավորմամբ։
Իսկ նոր աշխարհակարգը ենթադրում է նոր ստատուս քվոյի ձևավորում և խաղի նոր կանոններ բոլոր հակամարտող տարածաշրջաններում: Ընդ որում, մեր տարածաշրջանն ամենանշանակալիցներից մեկն է, քանի որ այստեղ է գտնվում Ռուսաստանի, Թուրքիայի, Արևմուտքի և Իրանի շահերի կիզակետը։ Այդ իսկ պատճառով մեծ է նաև Հայաստանի նկատմամբ ուշադրությունը։
Խոսելով այն մասին, որ տարածաշրջանային գործընթացների հետագա զարգացումը մեծապես պայմանավորված է Ռուսաստան-Արևմուտք հակամարտության ընթացքից` մեր զրուցակիցը, այնուամենայնիվ, սխալ համարեց ՌԴ–ի կողմից հակամարտության հանգուցալուծմանը սպասելը։
«Կարծում եմ` դա անարդյունավետ է, քանի որ Ռուսաստանին թվում է, թե իրավիճակը ցանկացած պահի հնարավոր կլինի նորից վերադարձնել իր վերահսկողության տակ։ Սակայն, ինչպես ցույց են տալիս հետխորհրդային տարածքում ընթացող գործընթացները, իրավիճակը հետ շրջելը շատ դժվար է լինում, քանի որ միշտ չէ, որ հնարավոր է հարցերը լուծել ուժային ճանապարհով», - ասում է նա:
Հակոբյանի խոսքով՝ սպասելու ժամանակ չկա, և հայ հասարակությունն էլ ցանկություն չունի համբերելու։ Բացի այդ, սոցիոլոգիական հետազոտությունները վկայում են Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքի փոփոխության մասին, որը պայմանավորված է ՌԴ–ից սպասողական վիճակով։