ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը վճռականորեն դատապարտում է Կերչի նեղուցի շրջանում Կիևի կողմից ռուսական քաղաքացիական լցանավի վրա իրականացված հարձակումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սիգ» ռուսական լցանավից ջուր է դուրս բերվում, նավը դեռ պահվում է ջրի վրա, սակայն այն ճեղքվածք է ստացել մեքենաների բաժնում, ենթադրաբար` ծովային դրոնի հարվածի հետևանքով։ «Ռոսմորրեչֆլոտում» նշել էին, որ վնասված լցանավը գտնվում է Կերչի նեղուցի հարավային հատվածում` նեղուցի մուտքի մոտ։
«Վճռականորեն դատապարտում ենք քաղաքացիական նավի վրա իրականացված ահաբեկչական հարձակումը, որը կարող էր հանգեցնել ոչ միայն նավի անձնակազմի զոհվելուն, այլև մեծածավալ էկոլոգիական աղետի», – Զախարովայի խոսքերն է մեջբերել ՌԴ ԱԳՆ–ն։
Նա հավելել է, որ կիևյան ռեժիմը, Արևմուտքի և միջազգային կազմակերպությունների կողմից դատապարտման չհանդիպելով, հետզհետե ավելի ու ավելի նոր մեթոդներ են կիրառում` այս անգամ Սև ծովի ջրատարածքում։
«Նման բարբարոսական ակցիաները չեն կարող արդարացում ունենալ։ Դրանք անպատասխան չեն մնա. հեղինակներն ու կատարողները անպայման պատիժ կկրեն», – հայտարարել է նա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։