ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հարձակողական ոճի խաղացող, բրազիլական «Սիանորտի» ակումբի կիսապաշտպան Ֆերեյրա Ռավանելին «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հետ պայմանագիր է կնքել և հայկական թիմին միացել ազատ գործակալի կարգավիճակով: Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ֆերեյրան մեր թիմի հետ մասնակցել է նաև մինչմրցաշրջանային հավաքին: Մեր նորեկին մաղթում ենք հաջողություն և բազում հաղթանակներ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Ռավանելին հանդես է եկել նաև Ռուսաստանի «Ախմատ Գրոզնիում», որի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 38 հանդիպման` դառնալով 5 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:
Ռավանելին ելույթներ է ունեցել բրազիլական հայտնի ակումբներում` «Աթլետիկո Մարանաենսե» ու «Շապոկոենսե», ինչպես նաև «Սան-Բերնարդո» ու «Պոնտե-Պրետա»: 25-ամյա ֆուտբոլիստը հրավիրվել է Բրազիլիայի մինչև 20 տարեկանների հավաքական ու մասնակցել 2 հանդիպման: