ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Սերգեյ Ատոմյանն ազատվել է Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սերգեյ Ատոմյանին ազատել քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից»,- նշված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշման մեջ:
Հիշեցնենք` Ատոմյանն այս պաշտոնում նշանակվել է 2021թ. սեպտեմբերի 15-ին, վերանշանակվել 2023 թվականի հունվարի 16–ին։
Սերգեյ Ատոմյանը ծնվել է 1986 թվականի հուլիսի 6-ին Արարատի մարզի Դվին գյուղում:
2014-2017թթ. սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, ստացել է իրավագիտության մագիստրոսի աստիճան:
2012-2015թթ.–ին եղել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային քննչական վարչության, ապա Արարատի մարզային քննչական վարչության քննիչ, 2015-2018թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ:
2019-2021թթ. Ատոմյանը ՀՀ ազգային ժողովի պատգամավոր է եղել, 23.06.2021-15.09.2021թթ.` ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ:
2021թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ:
2022թ. հուլիսի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում: