ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում արդեն 8 ամիս շրջափակման մեջ գտնվող ավելի քան 30.000 երեխաներն ու նրանց ընտանիքները սովի են մատնված ու բազմաթիվ զրկանքներ են կրում: Այս մասին սոցցացային իր էջերում գրել է «Ինտերի» կիսապաշտպան, ճանաչված հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։
«Մարդիկ իրենց հայրենիքում կանգնած են սովի և հումանիտար աղետի եզրին՝ չունենալով կենսական անհրաժեշտ դեղամիջոցներ, սնունդ և այլ անհրաժեշտ պարագաներ»,–գրել է Մխիթարյանը։
Նա նշել է` սովամահ լինելու սրտակեղեք իրականությունն աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ:
«Երեխաները կարիք ունեն, որ այս պատերազմը վերջանա, որպեսզի ապաքինվեն ու սկսեն ապրել»,–գրել է նա։
Մխիթարյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքի ողջ երկայնքով ճանապարհը պետք է բաց լինի և հումանիտար օգնությունը տեղ հասնի։
Իր գրառման վերջում ֆուտբոլիստն օգտագործել է «Վերջ Արցախի շրջափակմանը», «Բացեք Լաչինի միջանցքը», «Լեռնային Ղարաբաղ, Արցախ» հեշթեգերը։
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը «ֆեյսբուքում» ունի 3.5 մլն, «Ինստագրամում»` 2.5 մլն, Twitter–ում` 1.4 մլն հետևորդ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։