Ֆրանսիան պահանջում է վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը. դեսպան

Ֆրանսիան նաև պահանջում է ԼՂ բնակչությանը անխափան մատակարարել գազ և էլեկտրաէներգիա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ֆրանսիան պահանջում է ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Այս մասին ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին գրել է Twitter-ում և վերահրապարակել ֆրանսիական լրատվամիջոցներից մեկի` arte.tv–ի ռեպորտաժը, որում ներկայացվում է ԼՂ–ում տիրող ծանր վիճակը։
«Ֆրանսիան պահանջում է վերականգնել Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը,ինչպես նաև անխափան գազ և էլեկտրաէներգիա մատակարարել բնակչությանը»,- գրել է Դըկոտինյին
Ավելի վաղ ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանը գրել էր, որ Ֆրանսիայի դեսպանատունն արձանագրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։