Բլինկենը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ խոսել է հայ-ադրբեջանական հարաբերություններից

Քննարկվել է նաև հացահատիկի գործարքի վերականգնումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի ԲլինԿենը հեռախոսազրույց են ունեցել` քննարկելով իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
«Այսօր տեղի է ունեցել ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերին: Քննարկվել են նաև Սևծովյան հացահատիկային նախաձեռնության վերսկսումը, Սև ծովի անվտանգությունը և ՆԱՏՕ–ի ընդլայնումը», - ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ` հուլիսի 31-ին, ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը ճեպազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն շարունակում է բանակցությունները Ադրբեջանի և Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ: