ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ամեն օր մարդիկ թերսնման պատճառով կորցնում են գիտակցությունը և դրա համար պատասխանատվություն է կրում նաև միջազգային հանրությունը։ Twitter–ում նման հայտարարություն է արել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Ստեղծված իրավիճակի համար անմիջական պատասխանատվություն է կրում Ադրբեջանի ղեկավարությունը, և միջազգային հանրությունը կիսում է այդ պատասխանատվությունը՝ ոչինչ չանելով մարդկանց կյանքերը փրկելու համար»,–գրել է Մարուքյանը։
Նշենք, որ Մարուքյանը գրառմանը կից հրապարակել է այսօր Արցախում հացի հերթում ուշագնաց եղած տարեց տղամարդու լուսանկարը։
Հրապարակման մեջ Մարուքյանը նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին։
«Անհրաժեշտ է շտապ գործողություն իրականացնել»,–գրել է Մարուքյանը` գրառման վերջում ավելացնելով «Վերջ տվեք Լաչինի միջանցքի շրջափակմանը» հեշթեգը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։