ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ԱՄՆ-ում սրտի փոխպատվաստումից հետո կվերադառնա Արցախ։ Alpha News-ի եթերում այս մասին հայտարարել է սրբազանը՝ արձագանքելով հարցին, թե ինչու է 44-օրյա պատերազմից հետո մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ և երբ է վերադառնալու հայրենիք։
«Ես պետք է սիրտս փոխեմ, որովհետեւ 4-5 հատ սրտի վիրահատություն եմ տարել։ Վերջին 1,5 տարվա ընթացքում էլ մի քանի վիրահատություն տարա՝ ստենտ դրեցինք, ստամոքսս պայթեց՝ վիրահատեցինք, վերջերս էլ աճուկային ճողվածքի վիրահատություն արեցին: Սպասում եմ Գրին քարտ ստանամ, հերթի դնեն, որ սիրտս փոխեն, հենց փոխեն՝ պիտի հետ գամ, պետք է վերադառնամ մեր հայրենի հող և Արցախ»,–ասել է Պարգև սրբազանը։
Նա ասել է նաև, որֆիզիկապես իրեն լավ չի զգում, նիհարել է, քաշը 59-60 կգ է։
Հիշեցնենք` 2021 թվականի hունվարի 21-ին Պարգև սրբազանն ազատվեց Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից և նշանակվեց հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ։
Նա Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ էր նշանակվել 1989-ի մարտին։ Նշենք, որ 44–օրյա պատերազմից անմիջապես հետո` 2020 թվականի նոյեմբերի 16-ին, սրբազանը սրտի կաթված էր ստացել, բայց Հայաստանում չէր հոսպիտալացվել։
Մի քանի օր անց նա տեղափոխվել էր ԱՄՆ, որտեղ էլ նոյեմբերի 22-ին վիրահատվել էր։