Որքանո՞վ է «Անջատում հանուն փրկության» թեզը կիրառելի Արցախի հարցում. փորձագետների կարծիքը

Արցախյան իրադարձությունների ֆոնին կրկին ակտիվացել են քննարկումները «Անջատում հանուն փրկության» թեզի շուրջ։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը և միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը ներկայացրել են` որքանով է հնարավոր այն կիրառել Արցախի հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. «Անջատում հանուն փրկության» կոնցեպտը միջազգային իրավունքի տեսակետից խնդրահարույց և ոչ միանշանակ կոնցեպտ է, որը գործնականում դեռ չի կիրառվել։
Այս թեզն առաջին անգամ Հայաստանում կիրառվել է 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի կողմից։ Այն 2020 թվականի 44–օրյա պատերազմի ընթացքում սկսեց ակտիվ շրջանառության մեջ դրվել իշխանությունների կողմից, այնուհետև Նիկոլ Փաշինյանի կողմից վերստին ակտիվացավ 2021 թվականի նախընտրական շրջանում։ Իշխանամետ շրջանակներում թեզի շուրջ ակտիվացում է նկատվում նաև վերջին օրերին։
Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նկատեց, որ այդ միտքը տեսական է և չի եղել մի դեպք, որ այն ստացած լինի միջազգային իրավունքի մարմնավորում և կիրառված լինի, թեպետ շատերի կողմից որպես օրինակ նշվում է Կոսովոն։ Սակայն անգամ այդ դեպքում չկա ուղղակիորեն ձևակերպում, որ դա «Անջատում հանուն փրկության» տեսության արդյունքում է տեղի ունեցել։ Մյուս կողմից էլ, մասնագետի խոսքով, եթե չի կիրառվել, դեռ չի նշանակում, որ հնարավոր չէ առաջինը կիրառել։
«Դա պետությունների համաձայնությունից է գալիս։ Ի վերջո միջազգային իրավունքը ո՞նց է ձևավորվել` պետությունների համաձայնությամբ։ Միջազգային նորմերը հենց այդպես էլ մշակվել են։ Հիմա, եթե ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կամ միջազգային սուբյեկտները ճանաչեցին «անջատում հանուն փրկության» թեզի օրինականությունը, այսինքն` միջազգային նորմերին համապատասխանելը, հենց այդ հիմքով էլ կարող է հռչակվել կամ հենց այդ հիմքով էլ կարող են պետությունները ճանաչել Արցախի անկախությունը։ Բայց դեռևս ոչ մի դատարան չի տվել պատասխան` արդյոք այդ տեսական միտքը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին»,– ասաց Արա Ղազարյանը։
Միջազգային իրավունքի մասնագետը պարզաբանում է` իրականում նորմի էությունն այն է, որ եթե ազգային փոքրամասնության գոյությունը որևէ երկրի կազմում վտանգված է, որպես փրկություն դիտարկվում է այդ տարածքի անջատումը տվյալ պետությունից։
Կոնկրետ այսօրվա իրականությունում, Ադրբեջանը ճնշելով, սովամահ անելով փորձում է վերցնել մարդկանց տարածքը, հետևաբար, Ղազարյանի կարծիքով, կարելի է այդ հարցով դիմել ՄԱԿ անվտանգության խորհրդին։
«Ըստ էության, քաղաքական սանկցիաներ կարող են նշանակվել նման միջազգային հանցագործության նկատմամբ, որովհետև բլոկադան` սովամահության նպատակով, միջազգային հանցագործություն է։ Դա նույնիսկ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, իսկ այդ դեպքում յուրաքանչյուր պետություն իրավունք ունի միջամտելու` ելնելով կոլեկտիվ անվտանգության գաղափարից»,–հավելեց նա։
Ինչո՞ւ պատերազմի ժամանակ Հայաստանը չճանաչեց Արցախի անկախությունը. Փաշինյանի պատասխանը
Իսկ իրավաբան, արդարադատության նախկին փոխնախարար և միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը կարծում է, որ Արցախի կարգավիճակի և ճակատագրի վերաբերյալ շատ ավելի ուժեղ իրավական հիմքեր կան, մասնավորապես` Արցախի անկախությունը Խորհրդային Միությունից որպես անկախ պետություն ճանաչելու և գնահատելու, այլ ոչ թե ինչ–որ այլ գործընթացների շրջանակներում դիտարկելու տեսանկյունից։
Բուն «անջատում հանուն փրկության» ձևակերպման մեջ փորձագետը մեթոդոլոգիական սխալ է տեսնում, քանի որ Արցախն այժմ Ադրբեջանի կազմում չէ, հետևաբար անհասկանալի է` ինչից պետք է անջատվի։
«Պետք է հասկանալ, որ «անջատում հանուն փրկության» ձևակերպումը պայմանականորեն ազգերի ինքնորոշման իրավունքի դրսևորման եղանակներից մեկն է, բայց մոտավորապես մեզ առաջարկում են, ասում են` բերեք ճանաչեք Ադրբեջանի կազմում, որից հետո քննարկենք, որ պետք է անջատվեն, որպեսի փրկվեն։ Արցախի վերաինտեգրումը, ինտեգրումը և Ադրբեջանի կազմում ճանաչելը նույնն է, որ ասեն` բերեք ցեղասպանություն անենք, հետո տեսնենք` ցեղասպանությունից հետո ինչ կլինի։ Մի քիչ ուռճացրած օրինակը բերեցի, բայց դրա կիրառման համար շատ հստակ քաղաքական, աշխարհաքաղաքական, դիվանագիտական քայլեր են պետք։ Ինքը բավականին պրոբլեմատիկ է և ոչ միանշանակ»,–ասաց Օրբելյանը։
Իրավաբանն ընդգծեց` Արցախը հիմա Ադրբեջանի մաս չէ , որքան էլ որոշ մարդիկ ասեն, որ ամբողջ աշխարհը ճանաչում է որպես մաս։ Արցախի կարգավիճակը պարզ չէ և պետք է որոշվի։ Եվ փաստն այն է, որ Արցախն Ադրբեջանի կազմում, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, երբեք չի եղել։ Հետևաբար` կարող է լինել «ճանաչում հանուն փրկության» կամ «Հայաստանին միացում հանուն փրկության»։
Ինչո՞ւ Հայաստանն այդպես էլ չճանաչեց Արցախի անկախությունը
«Սակայն դրա համար էլ պետք է ունենալ հստակ դիվանագիտական, աշխարհաքաղաքական և նաև ռազմավարական ու ռազմական դիրքորոշումներ։ Դա միքայլանոց կոմբինացիա չէ։ Պետք է հասկանալ, որ միջազգային իրավական տարբեր գործիքներ իրենք իրենցով որպես գործիքներ չեն գործում և ինչ–որ միջազգային իրավական տեսություն կիրառելու համար պետք է ձևավորել դրա քաղաքական դիվանագիտական նախադրյալները, որը հնարավոր է»,–նշեց Օրբելյանը։
Փորձագետը, որպես օրինակ, նշում է, որ ինչպես 44–օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը կարող էր ճանաչել Արցախի անկախությունը հանուն փրկության, այսօր էլ ունի նախադրյալներ ճանաչելու։ Ավելին` այսօր ՀՀ–ն պետք է օգտագործի ստեղծված աշխարհաքաղաքական վիճակը։ Բայց դրա համար անհրաժեշտ են ոչ ստանդարտ մոտեցումներ և գործողություններ, որոշակի միջազգային իրավունքի և դիվանագիտության գործիքակազմի ավելի կրեատիվ օգտագործում, մոտեցումների և ընկալումների հստակեցում։