Ուսանողական խաղերի ժամանակ ատլետիկա մարզաձևում ՀՀ–ն 1-ին անգամ մեդալ է նվաճել

Սա այս Խաղերի ժամանակ Հայաստանի երկրորդ մեդալն էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Հայաստանն ուսանողական խաղերում առաջին անգամ մեդալ է նվաճել ատլետիկա մարզաձևում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

«Վազորդ Երվանդ Մկրտչյանը լավ է հանդես եկել 1500 մետր վազքատարածությունում և զբաղեցրել 3-րդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի: Սա Հայաստանի համար ատլետիկա մարզաձևում պատմության 1-ին մեդալն էր Ուսանողական խաղերում։1500 մետր վազքատարածության որակավորման փուլը Մկրտչյանը հաղթահարել էր 1-ին տեղով»,– ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերն անցկացվում են Չինաստանի Չենդու քաղաքում։ Սա մեր հավաքականի 2-րդ մեդալն է այս առաջնությունում։ Ուսանողական խաղերում հայկական պատվիրակության առաջին մեդալը (բրոնզ) նվաճել էր ուշուիստ Ժիրայր Պետրոսյանը:
Հիշեցնենք՝ Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերին Հայաստանը մասնակցում է 14 մարզիկով, որոնք իրենց ուժերը կչափեն 7 մարզաձևում՝ լող, սպորտային մարմնամարզություն, ատլետիկա, ուշու, ձյուդո, տաեքվոնդո և հրաձգություն: