ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներն առաջարկում են ավելացնել տուգանքները հանրային վայրերում ռուսական երաժշտության կատարման և հեռարձակման համար։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` համապատասխան օրինագիծ է գրանցվել ուկրաինական խորհրդարանի կայքում։
«Առևտրի, հանրային սննդի կետերում հանրային կատարումները, հանրային ցուցադրումները, հանրային ծանուցումները, երաժշտական ձայնագրությունների ծառայությունները, տեսաձայնագրությունները, երաժշտական հոլովակներ տարածելն առաջացնում է տուգանք քաղաքացիների չհարկվող նվազագույն եկամուտների երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով», – ասվում է օրինագծի տեքստում։
Ինչպես հայտնել է ուկրաիներենի պաշտպանության գծով լիազոր Տարաս Կրեմինը, 2022 թվականի փետրվարից ուկրաինական ռադիոկայանների եթերներից ռուսալեզու երգերն անհետացել են։
Նախորդ տարվա հոկտեմբերին Ուկրաինայում ուժի մեջ է մտել օրենք, որը նախատեսում է ազգային երաժշտական արտադրանքի աջակցություն և ռուսական երաժշտական արտադրանքի հանրային կիրառման սահմանափակում։ Ուժի մեջ է մտել նաև հանրային տրանսպորտում երաժշտության հեռարձակման արգելքը։