ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկին փորձել են թմրամիջոցներով և արգելված իրերով փաթեթ փոխանցել անօդաչու թռչող սարքով, բայց անվտանգության ապահովման բաժնի ծառայողները կասեցրել են փորձը։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը։
Գիշերը` 04։45-ի սահմաններում, նրանք լսել են առարկայի ընկնելուն նմանվող ձայն՝ միաժամանակ նկատելով, որ դատապարտյալ Գ.Գ.-ն տեղաշարժվում է չբնակեցված մասնաշենքի տարածքի ուղղությամբ՝ դեպի ենթադրյալ առարկան:
Քրեակատարողական ծառայողները սահմանված կարգով մեկուսացրել են նշյալ դատապարտյալին և իրականացրել տեղազննություն:
Իսկ մասնաշենքին կից խոտածածկ տարածքում ընկած հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթ, որի ծայրին ամրացված է եղել որպես կախիչ ծառայող մետաղական օղակ: Փաթեթը ենթադրաբար նետվել է անօդաչու թռչող սարքից (դրոնից), ընկել է տանիքին, այնտեղից էլ` խոտածածկին:
Փաթեթում եղել է մեծ քանակությամբ առանձնացված այլ փաթեթներ՝ ընդհանուր 34,1 գրամ քաշով, տարբեր տեսակի թմրանյութերին նմանվող զանգվածներով, դեղապատիճներով և կասկածելի հեղուկներով: Մասնավորապես՝ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 28,3 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող, 4,5 գրամ քաշով դարչնագույն զանգված, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,3 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված, ինչպես նաև 35 հատ «PGN-300» գրառմամբ լիրիկա տեսակի հոգեմետ դեղապատիճ և 4 գլանակ՝ սուր հոտ ունեցող կասկածելի հեղուկով:
Մեկուսացման ընթացքում դատապարտյալ Գ Գ.-ն բանավոր հայտարարել է, որ վերոնշյալ տարածքում փնտրում էր իր հագուստները, որոնք իբր քամին պոկել և քշել էր պարանից:
Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ և նախաձեռնվել է համապատասխան վարույթ: