Խաչատուրյանն ու Փաշինյանը ցավակցական հեռագրեր են հղել Վրաստանի իշխանությանն ու ժողովրդին

Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը. Արխիվային լուսանկար
ՀՀ վարչապետը զոհվածների հարազատներին ու մերձավորներին տոկունություն է մաղթել, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Վրաստանի Ռաճա տարածաշրջանում տեղի ունեցած աղետի հետևանքով մարդկային զոհերի և վիրավորների կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Խորապես ցնցված եմ Վրաստանի Ռաճայի շրջանում մարդկային կյանքեր խլած և ավերածություններ պատճառած աղետից: Հայ ժողովրդի և Հայաստանի կառավարության, ինչպես նաև անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում ձեզ և եղբայրական վրաց ժողովրդին: Այս ծանր պահին կիսում ենք եղբայրական վրաց ժողովրդի խորը վիշտը»,–նշել է Փաշինյանը:
Նա զոհվածների հարազատներին ու մերձավորներին տոկունություն է մաղթել, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։

«Իմ անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Վրաստանի եղբայրական ժողովրդին և զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի հեռագրում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 3–ին Վրաստանի Շովի հանգստավայրում (Ռաճա շրջան) տեղի են ունեցել սողանքներ, որոնց հետևանքով «Սանսեթ Շովի» հյուրանոցում 16 մարդ է արգելափակվել։ Հյուրանոցի հյուրերի թվում 6 երեխա է եղել։ Փրկարարներն աղետի գոտուց 70 մարդու են տարհանել։ Այս պահին հաստատված է, որ սողանքների հետևանքով 11 մարդ է մահացել, 25 անհետ կորած կա։
Վրաստանի իշխանությունների կողմից պաշտոնապես հրապարակված զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան: