Եվրասիական տնտեսական միության երկրները Եգիպտոսի, Մարոկկոյի, Թունիսի և Ալժիրի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր են նախապատրաստում, սակայն Աֆրիկայում ավելի շատ են զարգացման կետերը, հետաքրքիր երկրները, որոնց հետ համագործակցությունը բաց թողնել չի կարելի։ Օգոստոսի 2-ին կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` քննարկելով Սանկտ Պետերբուրգում հուլիսի 27-28-ը տեղի ունեցած Ռուսաստան–Աֆրիկա երկրորդ գագաթնաժողովի արդյունքները։
Այսպիսով միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել Աֆրիկայի հետ նաև Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի գործընկերության թեմային։
Թե ինչ պայմանավորվածությունների է հաջողվել հասնել, և ինչ օգուտ կարող են քաղել ԵԱՏՄ անդամ երկրները, փորձել է պարզել Sputnik–ը։
Առևտուր
Աֆրիկա–Ռուսաստան գագաթնաժողովի ժամանակ Վլադիմիր Պուտինը կողմ հանդես եկավ ԵԱՏՄ–ի և ազատ առևտրի աֆրիկյան մայրցամաքային գոտու միջև համագործակցություն հաստատելու օգտին (այդ գոտին ձևավորվում է մայրցամաքի բոլոր 55 պետությունները միավորող Աֆրիկյան միության շրջանակում)։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի խոսքով՝ արդեն հիմա ԵԱՏՄ-ն պայմանագրային հարաբերություններ ունի Աֆրիկյան միության և Արևելյան ու Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի հետ, նախապատրաստվում են փաստաթղթեր Արևելաաֆրիկյան համայնքի և Կենտրոնական Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքի հետ համագործակցության մասին:
Մյասնիկովիչը նշել է, որ 2022 թվականին Աֆրիկայի երկրների հետ ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունն աճել է 3,5 տոկոսով, իսկ այս տարվա առաջին չորս ամիսներին աճը 15,5 տոկոս է կազմել:
Տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտնել է, որ առևտրի զարգացման համար մշակվում է Աֆրիկայի արևելյան ափին ռուսական նավահանգստային լոգիստիկ հանգույցի և բեռներ բազայի տեղակայման հարցը, դա «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի շարունակություններից մեկը կդառնա:
«Քենիան դրա համար շատ շահավետ, հարմար երկիր է։ Եվ Մոզամբիկը նույնպես լավ լայն հնարավորություններ է ընձեռում։ Ժամանակակից առևտուրը տեխնոլոգիական նոր մոտեցումներ և լուծումներ է պահանջում», - Sputnik-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է Բուրկինա Ֆասոյում, Մալիում և Նիգերում ՌԴ նախկին դեսպան Եվգենի Կորենդյասովը։
Բիզնես առաքելություն
Միխայիլ Մյասնիկովիչն առաջարկել է Եվրասիական բիզնես առաքելություն կազմակերպել դեպի Աֆրիկայի երկրներ, ինչի արդյունքում կարող է ստեղծվել նոր համատեղ նախագիծ՝ «Եվրասիական տեխնոլոգիաներ՝ ընդհանուր ապագա»: Ըստ նրա` խոսքը կարող է վերաբերել ոչ միայն առևտրին, այլև տեխնոլոգիական տրանսֆերին, այն է՝ տեղայնացված արտադրական հզորությունների ստեղում, մասնագետների վերապատրաստում և գիտակրթական ծրագրերի իրականացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում մշակումների արտահանում:
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը պարզաբանել է, որ ԵԱՏՄ գործարար համայնքի ներկայացուցիչների առաքելությունն Աֆրիկայում կկազմակերպվի մոտ ապագայում: