Լուրն ինձ ցնցել է. Սպիվակովը` Արմեն և Սերգեյ Սմբատյանների կալանավորման մասին

Վլադիմիր Սպիվակով
Աշխարհահռչակ դիրիժորը վստահ է` Սմբատյանների կալանավորումն անմեղության կանխավարկածի մեծ խախտում է, քանի որ դատարանով նրանց մեղքն ապացուցված չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Արմեն և Սերգեյ Սմբատյանների կալանավորման և առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպման վերաբերյալ լուրը ցնցել է Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մոսկվայի միջազգային երաժշտական տան նախագահ Վլադիմիր Սպիվակովին։
Նա այս մասին նամակ է հղել, որում մասնավորապես նշել է` խորը վիշտ է ապրում, և չի կարող լռել օրը ցերեկով տեղի ունեցող անարդարության վերաբերյալ։
«Հայ ազգը, ինչպես և երկրագնդի ցանկացած ազգ իր գոյությունը պահպանում է, աճում և զարգանում է նախևառաջ սերնդեսերունդ փոխանցվող մշակույթի շնորհիվ։ Արվեստի մարդկանց առաքելությունն է ստեղծել հայրենիքի վեհ կերպարը։ Իմ աչքի առաջ Սերգեյ Սմբատյանը, որին ես ճանաչել եմ, երբ նա դեռ երեխա էր, փոքրիկ տղայից դարձել է իր հայրենիքի փառքը բարձրացնող լուսավորիչ, հայ մեծ մշակույթի կրող։ Ավելին, զրոյից ստեղծել է հրաշալի սիմֆոնիկ նվագախումբ։ Մաեստրո Սմբատյանն արդեն երկար տարիներ համաշխարհային ասպարեզում Հայաստանի և նրա մշակույթի գլխավոր քարոզողներից է»,– նշել է Սպիվակովը։
Նա նաև դրական է արտահայտվել Արմեն Սմբատյանի մասին և նրան անվանել մարդասեր, իրական հայրենասեր և իր ընկեր։ Սպիվակովն ընդգծել է, որ Արմեն Սմբատյանի մարդկային և մասնագիտական որակների մասին կարող է երկար խոսել, սակայն կարևորել է նրա ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում, երբ Արմեն Սմբատյանը ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն էր։
Աշխարհահռչակ դիրիժորը վստահ է` Սմբատյանների կալանավորումն անմեղության կանխավարկածի մեծ խախտում է, քանի որ դատարանը դեռ գործը չի քննել, իսկ նրանց մեղքն ապացուցված չէ։
«Բոլորին հայտնի է, որ Արմեն և Սերգեյ Սմբատյանները որևէ վտանգ չեն ներկայացնում հայ հասարակության համար։ Ավելին, Սերգեյ Սմբատյանի կալանավորումը բացասական երանգ է հաղորդում և հարվածում աշխարհում հայկական մշակույթի վարկանիշին։ Ինձ համար շատ ծանր է դա գիտակցելը։ Կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր զբաղվում են այս հարցով, մինչև գործի բոլոր հանգամանքների պարզումը փոխել Արմեն և Սերգեյ Սմբատյանների խափանման միջոցը՝ համաձայն բոլոր քաղաքակիրթ պետություններին բնորոշ և աշխարհում գործող մարդասիրական նորմերի»,– գրել է Վլադիմիր Սպիվակովը։
2 ամսով կալանավորվել է նաև Սերգեյ և Արմեն Սմբատյանների գործով անցնող գործարարը
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 29-ին դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և նրա հայրը` Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Արմեն Սմբատյանը ձերբակալվել են պետությանը 966 մլն դրամի գույքային վնաս պատճառելու կասկածանքով։ Գործով անցնում է նաև գործարար Ա.Պ.–ն։
Գործարարը Սերգեյ և Արմեն Սմբատյանների հետ 2012 թ. ՀՀ կառավարությանը ներկայացրել է 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր:
Հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ կալանավորվել են նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին` դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ապա՝ գործարար Ա. Պ-ն։
Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ Սերգեյ Սմբատյանին և գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։