ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը զորակոչի ընթացքում 64 բողոք է ստացել

Որոշ դեպքերում նշանակվել են կրկնակի փորձաքննություններ, տրվել են տարկետումներ, ոմանք զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի են ճանաչվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ամառային զորակոչի ընթացքում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը 64 գրավոր և բանավոր բողոք է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Բողոքները հիմնականում վերաբերել են բժշկական հետազոտություններին և առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննություններին, ընտանեկան պայմանների հիմքով և նշանակալի նվաճումների համար տարկետում տրամադրելուն, ինչպես նաև այլ հարցերի:
«Գրավոր ընթացակարգով քննարկվել է 25 բողոք, 7-ի դեպքում իրականացվել է արագ արձագանքում, ևս 32 քաղաքացու հարցի լուծմանը պաշտպանի աշխատակազմը նպաստել է խորհրդատվության միջոցով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Զորակոչի ընթացքում աշխատանքային կարգով ամենօրյա կապ է պահպանվել ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի, զինկոմիսարիատների, բժշկական և ռազմաբժշկական հանձնաժողովների հետ: Արդյունքում բժշկական հետազոտություններ անցնելու նպատակով զորակոչիկներին տրամադրվել են ուղեգրեր, նշանակվել կրկնակի փորձաքննություններ:
ՌԴ ՊՆ-ն առաջարկում է քաղաքացիների զորակոչի տարիքը 18-ից հասցնել 21-ի
Պաշտպանը նաև ՊՆ կենտրոնական հավաքակայանում է հետևել զորակոչի գործընթացին։ Արձանագրված խնդիրները հասցեագրվել են իրավասու գերատեսչություններ: Մի շարք զորակոչիկներ կրկին ներկայացվել են Կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը, ոմանց տրամադրվել են տարկետումներ, առողջական վիճակի պատճառով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից կամ ճանաչվել են սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և այլն:
Ընդգծվում է, որ ամառային զորակոչի վերաբերյալ աշխատակազմում շարունակվում են ստացվել բողոքներ: Նշենք, որ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին առնչվող հարցերով պաշտպանին կարելի է դիմել թեժ գծի 116 կամ 096116100 շուրջօրյա հեռախոսահամարներով:
Նշենք, որ ամառային զորակոչը մեկնարկել է հունիսի 26-ին։