ՀՀ 6 մարզում սոցիալապես անապահով 13 000 քաղաքացու կտրամադրվեն սննդի քարտեր

Հուշագրի ստորագրման ժամանակ
Այդ նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Սյունիքի, Վայոց Ձորի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերի սոցիալապես անապահով և արտակարգ իրավիճակներից տուժած 13 000 քաղաքացու նախատեսվում է տրամադրել սննդի քարտեր՝ 3 ամիս ժամկետով՝ ամսական 24 դոլարին համարժեք դրամի չափով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոոցիալական հարցերի նախարարությունը։
Այդ նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։ Ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։
«Հույս ունենք, որ պիլոտային այս ծրագիրը կունենա արդյունավետ ընթացք, և հետագայում կունենանք նաև նմանօրինակ պետական աջակցության ծրագիր իրականացնելու հնարավորություն։ Վստահ ենք, որ այս միջոցառման շրջանակում շահառուները հնարավորություն կունենան որոշակիորեն բարելավել իրենց ընտանիքների կենսապայմաններն ու թեթևացնել սննդի ձեռքբերման ֆինանսական բեռը»,- նշել է նախարար Նարեկ Մկրտչյանը։
Ծրագրի իրականացման շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կմշակի շահառուների ընտրության չափորոշիչների և ցուցակների ձևավորման մեթոդաբանություն, կվերամշակի ու կհաստատի գնահատման հարցաշար, կկազմակերպի սննդի աջակցության քարտերի բաշխումը շահառու տնային տնտեսություններին և այլն։
Պարենի համաշխարհային ծրագիրն, իր հերթին, պարտավորվել է իրականացնել շուկայի ֆունկցիոնալության գնահատում, վերապատրաստել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների սոցիալական աշխատողներին, մշակել սննդի աջակցության քարտի համար անհրաժեշտ ստանդարտ գործառնական ընթացակարգ և այլն։