ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ատլետիկայի հավաքականի եռացատկորդ Լևոն Աղասյանը բրոնզե մեդալ է նվաճել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Մարզիկը ցույց է տվել 16 մ 40 սմ արդյունք:
Իր ելույթներից հետո Լևոն Աղասյանը նշել է, որ չնայած խանգարող հանգամանքները շատ էին, բայց մեդալ նվաճել հաջողվեց։
«Արդյունքս գոհացուցիչ չէ, բայց բավականին հեռու ցատկեր կատարել եմ` հաշվի առնելով քամու հանդիպակաց լինելը»,- ասում է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ազատ ոճային ըմբիշները 5 մեդալ էին նվաճել Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում: Չեմպիոնի կոչմանն արժանացել և ոսկե մեդալներ էին նվաճել Վրեժ Գևորգյանն (61 կգ) ու Գևորգ Մխեյանը (70 կգ): Հրաչյա Մարգարյանը (65 կգ) և Ռազմիկ Սիմոնյանը (79 կգ) դարձել էին արծաթե, իսկ Առաքել Մովսեսյանը (57 կգ)՝ բրոնզե մեդալակիրներ:
Խաղերի չեմպիոնի կոչմանն արժանացել է նաև Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի անդամ, 60 կգ քաշային Աշիկ Անդրեյանը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռիմա Խլղաթյանն էլ սեղանի թենիսի մրցումներում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ արժանանալով բրոնզե մեդալի:
Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում 5 մարզաձևում Հայաստանը ներկայացնում է 19 մարզիկ, որոնք իրենց ուժերն են չափում ատլետիկա, ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, սեղանի թենիս և հեծանվային սպորտ մարզաձևերում:
Չորս տարին մեկ անցկացվող խաղերին մասնակցելու իրավունք ունեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 88 լիիրավ անդամ և դիտորդ պետությունների 18-35 տարեկան ֆրանսախոս երիտասարդները:
Հայաստանը 2009 թվականից ակտիվորեն մասնակցում է Ֆրանկոֆոնիայի խաղերին: Մեր երկրի ներկայացվածությունը խաղերին նպաստում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության զարգացմանը և խթանում համատեղ նոր ծրագրերի իրականացումը: