ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Երևան-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենա է ընկել ձորը, ինչի հետևանքով 2 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է ժամը 19:21-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Toyota Isis» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ն. Թ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և, մոտ 400 մետր գլորվելով, հայտնվել ձորում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ձորից (մոտ 400 մետր) դուրս բերել տուժածներ Ա. Յ.-ին (ծնված 1990 թ․) ու Ն. Խ.-ին (ծնված 1990 թ․) և մոտեցրել շտապօգնության մեքենային. տուժած Ն. Խ.-ն հոսպիտալացվել է Իջևան քաղաքի ԲԿ:
Ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։