ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանն այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ։ Տեղեկությունը հայտնում է «Դատական իշխանություն» տելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ Էդգար Հովհաննիսյանն ընտրվեց քվեարկությանը մասնակցած դատավորների ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 137 կողմ ձայնով։
ԲԴԽ դատավոր անդամի թեկնածուները երեքն էին՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը։
ԲԴԽ-ում դատավոր անդամի թափուր տեղ է առաջացել դատավոր Մեսրոպ Մակյանի հրաժարականից հետո։ Մակյանն այժմ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնակատարն է։
Հիշեցնենք, որ հուլիսի 19–ին դատավորների ընդհանուր ժողովի՝ նաև այս հարցն ընդգրկող օրակարգը չհաստատվեց, նիստը հետաձգվեց։ Նիստին մասնակցել էր 288 դատավորներից 188-ը, այսինքն՝ քվորումն ապահովվել էր: