ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Չինաստանի իշխանությունը 2014 թվականից ի վեր առաջին անգամ մահապատիժ է Հարավային Կորեայի քաղաքացու նկատմամբ, ով մեղադրվում է թմրանյութերի տարածման մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռյոնխափ գործակալությանը։
«Մենք ծանուցում ենք ստացել, որ Չինաստանում գտնվող մեր քաղաքացուն մահապատժի են ենթարկել։ Նրան դատապարտել էին թմրանյութերի վաճառքի մեղադրանքով, այսօր մահապատիժն ի կատար է ածվել», – գործակալությանը հայտնել է Հարավային Կորեայի ԱԳՆ–ի ներկայացուցիչը, որի անունը չի նշվում։
Նա ափսոսանք է հայտնել, որ Չինաստանի իշխանությունները նման որոշում են կայացրել, չնայած, որ Հարավային Կորեայի կառավարությունը բազմիցս խնդրել է վերանայել դատավճիռը կամ հետաձգել դրա կատարումը մարդասիրական նկատառումներից ելնելով։ Միևնույն ժամանակ, չինական կողմը դիվանագիտական ալիքներով ավելի վաղ Սեուլին տեղեկացրել էր, որ քաղաքացին շուտով մահապատժի է ենթարկվելու, և, պաշտոնյայի խոսքով, միջադեպը չի անդրադառնա Չինաստանի հետ երկկողմ հարաբերությունների վրա։
Գործակալության տվյալներով` հարավկորեացին դեռ 2014 թվականին է ձերբակալված եղել 5 կգ մեթամֆետամին վաճառելու կասկածանքով։ 5 տարի անց դատարանը նրա գործով մահապատժի մասին որոշում է կայացրել, ինչը հետագայում հաստատել են երկրորդ ատյանի դատարանը և ՉԺՀ–ի գերագույն ժողովրդական դատարանը։
Սա արդեն 6-րդ հարավկորեացին է, որին մահապատժի են ենթարկում Չինաստանում. մեկը մահապատժի է ենթարկվել 2004 թվականին սպանության համար, մյուսները նման դատավճռի են արժանացել թմրանյութերի տարածման համար և մահապատժի ենթարկվել 2001 և 2014 թվականներին։
ՉԺՀ–ում ավելի քան 1 կգ ափիոնի, ինչպես նաև ավելի քան 50 գրամ մեթամֆետամինի կամ հերոինի մաքսանենգության, վաճառքի, տեղափոխման կամ արտադրման համար նախատեսվում է մահապատիժ կամ ցմահ ազատազրկում, որը կարող է փոխարինվել ավելի քան 15 տարվա ազատազրկմամբ։