ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև հապճեպ հաշտության պայմանագիր կնքելու փորձը՝ ի վնաս որակի և պատշաճ պատրաստվածության, ապագայում նոր կոնֆլիկտների կհանգեցնի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
«Հապճեպ պատրաստված, խաղաղության «հում» պայմանագիրը կայուն խաղաղություն չի բերի տարածաշրջան։ Ընդհակառակը, նախադրյալներ կստեղծի ապագայում նոր հակամարտությունների և ողբերգությունների համար։ Առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե արագությանը, այլ հավասարակշռված և փոխընդունելի որոշումների որակյալ պատրաստմանը», - ընդգծել Է դիվանագետը։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ արևմտյան մայրաքաղաքներից պարբերաբար հայտարարություններ են հնչում այն մասին, որ ՀՀ–մ ու Ադրբեջանը կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում:
Գոնչարի խոսքով ՝ Ռուսաստանը ելնում է նրանից, որ ստորագրման ժամկետները պետք է որոշեն իրենք՝ կողմերը։
«Պատասխանատու միջնորդների խնդիրը ոչ թե բանակցային գործընթացն արագացնելն է, այլ նպաստելնամուր ու երկարաժամկետ պայմանավորվածությունների հասնելուն։ Դրանք պետք է հիմնվեն ստեղծված իրողությունների վրա` առաջին հերթին ռուս-հայ-ադրբեջանական բարձր մակարդակի հայտարարությունների և դրանց հիման վրա գործող մեխանիզմների վրա», - եզրափակել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրենը։
Հիշեցնենք, որ նախօրեին կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանին նոր տարածքային պահանջներ ներկայացնել խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո:
Հավելենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։
ԵԽ ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 15-ին Բրյուսելում։
Փաշինյանի, Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպմանը, ըստ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության, քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ–ում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամին, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, ՀՀ–ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրմանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։