Արարատ Միրզոյանը ՀՀ կառավարության աջակցությունն է առաջարկել Վրաստանին

Արարատ Միրզոյան
ՀՀ արտգործնախարարը կրկին ցավակցել է Վրաստանի իշխանությանն ու ժողովրդին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վրաստանին առաջարկել է Հայաստանի կառավարության աջակցությունը Ռաճայի շրջանում տեղի ունեցած աղետի դեմ պայքարի և դրա հետևանքների վերացման հարցում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունից հայտնում են, որ Միրզոյանը հեռախոսով զրուցել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ։
«ՀՀ ԱԳ նախարարը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել իր գործընկերոջը, Վրաստանի կառավարությանն ու բարեկամ վրաց ժողովրդին Ռաճայի շրջանում սողանքների հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Միրզոյանն ավելի վաղ ցավակցություն էր հայտնել Twitter–ում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 3–ին Վրաստանի Շովի հանգստավայրում (Ռաճայի շրջան) տեղի են ունեցել սողանքներ, որոնց հետևանքով «Սանսեթ Շովի» հյուրանոցում 16 մարդ է արգելափակվել։ Հյուրանոցի հյուրերի թվում 6 երեխա է եղել։ Փրկարարներն աղետի գոտուց 70 մարդու են տարհանել։ Այս պահին հաստատված է, որ սողանքների հետևանքով 11 մարդ է մահացել, 25 անհետ կորած կա։
Վրաստանի իշխանությունների կողմից պաշտոնապես հրապարակված զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան: