Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպել են Ալեն Սիմոնյանի հետ

Ալեն Սիմոնյան
Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել նաև կառավարության շենքի դիմաց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների 35-40 ծնող` իրենց նախաձեռնությամբ, այսօր հանդիպել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
«Հանդիպում բավականին երկար է տևել, սակայն լրացուցիչ որևէ տեղեկություն չեմ կարող հայտնել»,– նշեց Խաչատրյանը։
Նշենք, որ անհետ կորածների ծնողները բավականին երկար ժամանակ է` պատկան մարմիններից փորձում են պատշաճ որևէ տեղեկություն ստանալ իրենց երեխաների մասին, սակայն մինչ օրս չեն կարողացել ստանալ։
Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել նաև կառավարության շենքի դիմաց, ապա գնացել Ազգային ժողով։
Հիշեցնենք, որ զինծառայողների անհետ կորելու առնչությամբ հարուցված դատական գործը ընթացքի մեջ է։ Որպես մեղադրյալ ներգրավված է ՀՀ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը։ Ըստ մեղադրանքի` 62 զինծառայողները նրա և երկու հրամանատարների պատճառով են Զանգելանում հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ։ Զինծառայողներից միայն 20-ին է հաջողվել դուրս գալ ադրբեջանական շրջափակումից, 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ 23 զինծառայողների գտնվելու վայրն անհայտ է: