Ադրբեջանը բռնությամբ «մարդասիրություն» է փորձում մատուցել Արցախի ժողովրդին. պետնախարար

Գուրգեն Ներսիսյանը. Արխիվային լուսանկար
Արցախի պետնախարարը հիշեցրել է, որ քաղաքացիական անձանց պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիան երաշխավորում է առանց խտրականության մարդասիրությունը և հակառակը՝ արգելում նվաստացուցիչ, վիրավորական և մարդկային արժանապատվությունը ստորացնող մարդասիրությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Մարդուն չի կարելի պարտադրել գոյության միջոցներ ստանալ մեկից, ով բացահայտորեն սպանում կամ սպառնում է սպանել այդ մարդուն, այդպիսի երևույթները հատուկ էին միայն ստրկատիրական հասարակարգերին: Նման հայտարարություն է արել Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը` անդրադառնալող Ադրբեջանի կեղծ մարդասիրությանը։
Նա ընդգծել է, որ 2020թ. նոյեմբերի 9-ին, եռակողմ հայտարարության տեքստը կազմելիս ու այն ստորագրելիս, մասնակից կողմերը իրավացիորեն եկել էին այն եզրահանգման, որ Արցախի ժողովրդի գոյությունը, նրա անվտանգությունը, արտաքին աշխարհի հետ անվտանգ կապն ապահովելը հնարավոր է բացառապես Հայաստանի Հանրապետության հետ անխոչընդոտ կապի առկայության պայմաններում, որի համար նախատեսվել է Լաչինի միջանցքը:
«Արցախի ժողովրդի կողմից հումանիտար օգնությունը ՀՀ-ից ստանալու և ՀՀ հետ կապ ունենալու պահանջը ոչ թե կամակոր ցանկություն է, այլ սեփական անվտանգության և պարզապես ինքնապահպանության գիտակցում, ինչն ամբողջությամբ տեղավորվում է միջազգային մարդասիրական իրավունքի տրամաբանության մեջ»,–նշել է Ներսիսյանը:
Արցախի պետնախարարը ևս մեկ անգամ բոլորի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը Արցախում դիտավորությամբ ստեղծել է հումանիտար ճգնաժամ, փակել է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, այդ ընթացքում կազմակերպել սպանություններ, սպանության փորձեր, գույքի ոչնչացման և վնասման դեպքեր, կիրառել ռազմական ուժ, ցուցադրել դրա կիրառման սպառնալիք և այդ ամենին զուգահեռ սկսել պարտադրել հումանիտար օգնություն՝ իր «ձեռքից» ու իր առաջարկած ճանապարհով:
Նա հիշեցրել է, որ քաղաքացիական անձանց պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիան երաշխավորում է առանց խտրականության մարդասիրությունը և հակառակը՝ արգելում նվաստացուցիչ, վիրավորական և մարդկային արժանապատվությունը ստորացնող մարդասիրությունը:
«Իսկ այսօր Ադրբեջանը հարկադրանքի, բռնությամբ ու բռնության սպառնալիքի գործադրմամբ հենց այդպիսի «մարդասիրություն» է փորձում մատուցել Արցախի ժողովրդին»,–նշել է նա:
Նշենք` Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի բանակցությունների ընթացքում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Դա հերքել են Հայաստանի իշխանությունները։
Ադրբեջանը ցանկանում է հետագայում ՀՀ–ի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնել. Փաշինյան
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Իրավիճակին տեղում ծանոթանալու համար այնտեղ էին մեկնել ՀՀ–ում հավատարմագրված դիվանագետները։