ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանին մինչև օգոստոսի 10–ը ժամանակ է տվել Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար: Այս մասին հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
«Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին»,– ասվում է հրապարակման մեջ։
Օգոստոսի 2–ին Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով դիմում էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դիմումը վերաբերում էր մոլորվելու հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանությանը։
Հիշեցնենք` օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական սահմանապահները ձերբակալել են Արցախի Հանրապետության քաղաքացի 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին, որը ոգելից խմիչքի ազդեցության տակ է դուրս եկել գյուղից, մոլորվել ու հայտնվել Ադրբեջանի կողմից հսկվող տարածքում։