ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Պակիստանի հատուկ ծառայություններն ու ոստիկանությունը իսրայելական Cellebrite ընկերության ստեղծած ծրագրային ապահովում են ձեռք բերել բջջային սարքերից տվյալներ դուրս բերելու կամ դրանք կոտրելու համար։ Եվ դա արել են` անտեսելով այն հանգամանքը, որ Իսրայելի ու Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունները բացակայում են և արգելված է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների տակ հայտնված պետություններին նման սոֆթերի վաճառքը Այ մասին հայտնում է իսրայելական Haaretz թերթը` հղում անելով մատակարարումների մասին տվյալներին։
Թերթի տվյալներով` Պակիստանի հետաքննությունների դաշնային բյուրոն (FIA) և ստորաբաժանման ոստիկանները Cellebrite–ի արտադրանքն օգտագործում են առնվազն 2012 թվականից։ Վաճառքն իրականացվում է Սինգապուրում գտնվող Cellebrite–ի դուստր ընկերության միջոցով։ Տեղեկությունը հայտնում է թերթը` հղում անելով միջազգային մատակարարումների մասին հաշվետվություններում արված գրառումների, ինչպես նաև FIA–ի կարիքների համար գնումների մրցույթների վերաբերյալ փաստաթղթերի։
Cellebrite–ի առաջատար արտադրանքներից մեկը Universal Forensics Extraction Device (UFED) համակարգն է, որը թույլ է տալիս հասանելիություն ստանալ ծածկագրով պաշտպանված սարքերին, ինչպիսիք են օրինակ սմարթֆոնները, դրոնները, SIM և SD քարտերը, GPS սարքերը։
Հրապարակման հեղինակները նշում են, որ վերջնական օգտատիրոջ հետ արտադրողի լիցենզիոն համաձայնագիրն արգելում է ծրագրային ապահովման ուղղակի կամ անուղղակի կիրառումն ու դրա վերավաճառքը մի շարք երկրներում, որոնց վրա տարածվում են պատժամիջոցները (այդ թվում` Պակիստանում)։
Հրապարակումը մեկնաբանելիս Cellebrite–ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ընկերությունը Պակիստան ուղղակի կամ անուղղակի կերպով ապրանքներ չի վաճառում, սակայն չեն պարզաբանել, թե ինչպես է այդ պնդումը համապատասխանում հիմնավորող այն փաստաթղթերին, որոնք հայտնվել են պարբերականի տնօրինության տակ։
Իսրայելացի իրավաբան Իտայ Մակը խիստ քննադատության է ենթարկել Cellebrite–ի գործունեությունը` անվանելով այն հերթական օրինակ այն մասին, թե ինչպես է իսրայելական ընկերությունը օգուտ ստանում ՊՆ–ի կողմից անփույթ վերահսկողության պատճառով։ Նրա կարծիքով` Պակիստանի նման երկրում իսրայելական տեխնոլոգիաները կարող են օգտագործվել ոչ միայն կանանց և կրոնական փոքրամասնություններին, այլև լրագրողներին և ընդդիմության ակտիվիստներին (որոնք փորձում են բացահայտել երկրի ղեկավարության կապը ահաբեկչական կազմակերպությունների հետ) հետապնդելու համար։