ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Վերջին տարիներին հյուրերի պակաս չունեցող Գյումրին օգոստոսի 5-ին Համահայկական ամառային 8-րդ խաղերի կապակցությամբ ավելի քան 11 հազար մարդու կհյուրընկալի, միայն 19 մարզաձևից մասնակից մարզիկների թիվը 7161 է: Քաղաքում վերջին նախապատրաստական աշխատանքներն են ընթանում:
«Շիրակ» մարզադաշտում արդեն մի քանի օր է` ակտիվ եռուզեռ է․ երիտասարդ կամավորների օգնությամբ վերջին աշխատանքներն են տարվում՝ մարզադաշտում եղած նստատեղերից բացի, տեղադրվել է 7 հազար աթոռ: Սակայն հաշվի առնելով միջոցառման բացման պաշտոնական արարողությանը հետևելու ցանկություն հայտնած մարդկանց մեծ թիվը` Գյումրու Վարդանանց հրապարակում նաև մեծ էկրան է տեղադրվելու:
Մարզադաշտում աթոռներ են ավելացվել
© Photo : Пресс-офис VIII Всеармянских летних игр
«Արդեն 8-րդ տարին անցկացվող խաղերն այս տարի աննախադեպ են լինելու ինչպես մասնակից երկրների աշխարհագրությամբ, այնպես էլ մասնակիցների թվով։ Մասնակցելու է 41 երկրի 179 քաղաք։ Այս տարի առաջին անգամ մասնակիցներ են լինելու նաև Չիլիից, Ղազախստանից, Բելառուսից, Սաուդիան Արաբիայից ու Հնդկաստանից»,- Spuntik Արմենիայի հետ զրույցում ասաց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայության ղեկավար Աննա Վարդանյանը։
Արդեն 25 տարի (Համահայկական խաղերն անցկացվում են 4 տարին մեկ) «Միասնություն սպորտով» կարգախոսը համախմբում է աշխարհասփյուռ հայերին։
Ամենամեծ թիմը Հայաստան է եկել Ռուսաստանի Դաշնությունից՝ 24 քաղաքից մոտ 800 մասնակից։
«Համահայկական խաղերը հնարավորություն են, որ սփյուռքի հայերը ծանոթանան ու ճանաչեն միմյանց։ Խաղերի ընթացքում մասնակիցները ոչ միայն մրցում են միմյանց հետ, այլ նաև շփվում են, ճանաչում միմյանց, ու այդ կապը պահպանվում է տարիներ: Նաև լավ է, որ մրցումների մի մասն ու պաշտոնական բացումը Գյումրիում է՝ սա շատերի համար կարելի է նաև ճանաչողական այց համարել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՌԴ թիմի ներկայացուցիչ Կարեն Մկրտչյանը։
Կարեն Մկրտչյան
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Նշենք, որ Համահայկական խաղերի պաշտոնական բացումը Հանրային հեռուստատեսության ուղիղ միացմամբ կմեկնարկի 21։00-ին:
Համահայկական խաղերի կազմակերպիչներն ու կամավորները
© Photo : Пресс-офис VIII Всеармянских летних игр