ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Լեհաստանը մարտական ուղղաթիռներ է տեղափոխել Բելառուսի հետ սահման: Տեղեկությունն այսօր հայտնել է Լեհաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարության հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ Մարեկ Սոկոլովսկին: Նրա խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով TVP Info հեռուստաալիքին։
«Ինչ վերաբերում է ավիացիոն հատվածին, ապա չորեքշաբթի 1-ին ավիացիոն բրիգադի ու 25-րդ օդային հեծելազորային բրիգադի կազմից ուղղաթիռների վերախմբավորում է տեղի ունեցել: Այսօր արդեն իրականացվել է նրանց տեղակայման վայրերի նախնական հետախուզումը։ Ավիացիայի ոլորտում տեխնիկական ճեպազրույցներ են անցկացվել», - ասել է Սոկոլովսկին։
Լեհ զորահրամանատարն ավելացրել է, որ «Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակի հրամանի համաձայն՝ ուղղաթիռները տեղակայվելու են երկու վայրում՝ սահմանին տագնապալի իրավիճակների առաջացման դեպքում անհապաղ արձագանքման ռեժիմով»:
«Ուղղաթիռները զինված են և պատրաստ են մարտի։ Դրանք վարում են փորձառու օդաչուներ՝ լիարժեք թռիչքային իրավունքներով, կան օդաչուներ, որոնք ինձ հետ օդային սպառազինություն և հրթիռներ են կիրառել Աֆղանստանում և Իրաքում։ Եթե ինչ-որ անհանգստացնող բան տեղի ունենա, նրանք առանց վարանելու զենք կկիրառեն», - ընդգծել է նա։