ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, անգամ լինելով ՔՊ հիմնադիր անդամ, կկարողանա ապահովել Երևանի ավագանու ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունները: Այս մասին նա հայտարարեց այսօր մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այո, կարող եմ, որովհետև մինչև ՔՊ անդամ լինելը ես եղել եմ լրագրող, և երկար տարիներ իմ գործունեությունը նվիրված է եղել ազատ, արդար, թափանցիկ, մրցակցային ընտրություններին: Կուսակցական լինելը չի ենթադրում լինել հանցագործ, որովհետև ԿԸՀ նախագահի կողմից արդար, ազատ ու թափանցիկ ընտրությունների ապահովման համար իր պարտականությունների չկատարելը կլինի հանցագործություն: Ես կարող եմ և ապահովելու եմ, որ քանի դեռ ես ԿԸՀ նախագահն եմ, Հայաստանում ընտրությունները լինեն, ազատ, արդար, թափանցիկ»,-ասաց նա:
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է:
Ընտրություններին կմասնակցեն նաև «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ինչպես նաև «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։
ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։
Երևանի քաղաքապետի պաշտոնին է հավակնում նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը։
«Հայաստան» դաշինքը քննարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը։
Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի նաև «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը։
Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի նաև «Ուժը Հայրենյաց» կուսակցությունը»։ Սկզբում հայտարարվեց, որ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է կուսակցության համահիմնադիր Նատալյա Արզաքանցյանը։ Երկու օր անց կուսակցությունը հայտարարեց, որ ղեկավար մարմինը որոշել է, որ ավագանու ընտրություններում ցուցակը կգլխավորի Նելլի Հարությունյանը։