ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ–ն միացավ ԵԱՏՄ–ից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական համակարգին։ Որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստում։
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրի նախագիծը հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից 2023 թ. ապրիլի 21-ին:
«Համաձայնագրի հիմնական նպատակն է համակարգել և միավորել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման հետ կապված բոլոր հարցերը, կարգավորել ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրող կազմակերպությունների գործունեությունը, վերացնել նշված ոլորտում առկա իրավական բացերը, այդ թվում` անհրաժեշտության դեպքում հաստատել ապրանքների ծագումը ապրանքների ծագման երկրի կողմից որոշված և արտահանման ժամանակ կիրառվող ոչ սակագնային միջոցների ներդրման և արտահանման մաքսատուրքերի դեպքում»,– ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Կիրառվելու է Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգ։ Ըստ այդմ` կմիասնականացվեն անդամ պետությունների մոտեցումները, կդյուրացվի 3-րդ երկրների շուկաներ մուտքը` ստեղծելով միասնական մեխանիզմներ անդամ պետությունների արտահանողների համար և այլն։