ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը բուլղարական կողմի առաջարկով չեղյալ հայտարարեց 1999 թ. դեկտեմբերի 1-ին ստորագրված «ՀՀ կառավարության և Բուլղարիայի Հանրապետության միջև փոստի և հեռահաղորդակցության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը՝ հաշվի առնելով, որ այժմ երկու երկրների միջև գործում են այլ փաստաթղթեր։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Այսուհետ կգործեն 2004 թ. հոկտեմբերի 5-ին ստորագրված «ՀՀ և Բուլղարիայի միջև կապի, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին» հռչակագիրը, 2018 թ. փետրվարի 12-ին ստորագրված «ՀՀ և Բուլղարիայի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագիրը:
«Համաձայնագրի չեղյալ հայտարարումը հետևանքներ չի կարող ունենալ փոստի և հեռահաղորդակցության բնագավառում հայ-բուլղարական համագործակցության վրա, քանի որ վերոնշյալ երկու փաստաթղթերով կարգավորվում են համաձայնագրով ստանձնած երկկողմ պարտավորությունները»,– նշված է որոշման մեջ:
Նախագիծը ՀՀ կառավարության հաստատմանն էր ներկայացրել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: