Հայց ընդդեմ Փաշինյանի. Հայաստանի և Արցախի փաստաբանները դիմել են վարչական դատարան

Նրանք այս քայլով ցանկանում են հայերին և միջազգային հանրությանը ցույց տալ, որ Փաշինյանի`Արցախին առնչվող գործողությունները հակաիրավական են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը և Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը երեկ համատեղ հայց են ներկայացրել վարչական դատարան` ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին Զոհրաբյանը հայտնեց հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Վարչական դատարանից խնդրել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում ճանաչելու խոսքով արտահայտված գործողությունը ճանաչել ոչ իրավաչափ։ Երկրորդը` որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ` արգելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` կատարելու Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ գործողություն, այդ թվում` փաստաթուղթ ստորագրելու»,– նշեց Զոհրաբյանը։
Նա շեշտեց, որ իրավական այս գործընթացով փորձում են ցույց տալ Հայաստանում և Արցախում ապրող հայությանը, ինչպես նաև միջազգային հանրությանը, որ Նիկոլ Փաշինյանի այդ գործողությունները հակաիրավական են։
Հիշեցնենք` մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։