Ֆրանսիան ՄԱԿ-ում կոչ է արել վերացնել Արցախին հումանիտար օգնություն հասցնելու խոչընդոտները

Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
ՄԱԿ–ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարի տեղակալն ընդգծել է, որ պետք է անհապաղ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Պետք է վերացնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական և պարենային օգնության առաքման խոչընդոտները: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Հակամարտային իրավիճակներում պարենային անվտանգության ապահովումը և սովի բացառումը» թեմայով բաց քննարկման ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարի տեղակալ Նատալի Բրոդհերսթը։
«Պետք է վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը՝ ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան»,–ասաց նա:
Նշենք, որ այսօրավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում փոխարտգործնախարար Վահե Գևորգյանն իր ելույթում ընդգծել էր, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գոյության սպառնալիքի առջև է կանգնել: Նա կոչ էր արել միջազգային հանրությունը ժամանակին արձագանքել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների անվերապահ կատարմանը, քանի որ անգործության գինը չափազանց բարձր կլինի։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Իրավիճակին տեղում ծանոթանալու համար այնտեղ էին մեկնել ՀՀ–ում հավատարմագրված դիվանագետները։