ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Երևանում օտարերկրացի առաքիչների նկատմամբ ավազակություն կատարած հինգ պատանիներին մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օտարերկրացի 2 առաքիչներ հաղորդում են ներկայացրել ոստիկանություն և հայտնել, որ մի քանի երիտասարդներ իրենց դանակով սպառնացել են, քաշքշել և չեն վճարել առաքման գումարը։
5 պատանիները ձերբակալվել էին ավազակության մեղադրանքով։
Քննչական կոմիտեն պարզել է, որ Հնդկաստանի քաղաքացիների նկատմամբ նման գործողություններ կատարած անձինք Երևան քաղաքի բնակիչներ են, որոնցից երկուսը 16 տարեկան են, երկուսը՝ 14, մեկը՝ 17:
Երկու առաքիչները ճանաչվել են տուժող և ցուցմունք տվել դեպքերի հանգամանքների շուրջ:
Որոշումներ են կայացվել երիտասարդներից երկուսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ 16-ամյա երիտասարդներից մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ավազակությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ), և 44-253-րդ հոդվածի 1-ին մասով (կողոպուտ), իսկ 14-ամյա պատանիներից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ավազակությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ)։
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ծնողի դաստիարակչական հսկողության հանձնելը:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցառումներ են ձեռնարկվում դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, ներգրավված յուրաքանչյուր անձի գործողություններն անհատականացնելու և իրավական գնահատական տալու, ինչպես նաև՝ անչափահասների գործողությունների արդյունքում ընկերությանը պատճառված վնասի չափը պարզելու ուղղությամբ: