Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել

Երասխում կառուցվող գործարանը. Արխիվային լուսանկար
Գործարանի տնօրինությունը ո՛չ հերքել և ո՛չ էլ հաստատել է այս տեղեկությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել այլ` ավելի անվտանգ վայր։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ամենահավանական տարբերակն Արարատ քաղաքին հարող հատվածն է։

Գործարանի ղեկավարությունը մեզ հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել տեղեկությունը՝ չհերքելով և չհաստատելով այն։ Ավելի վաղ նման տարբերակը հերքել էր ձեռնարկության սեփականատեր GTB հոլդինգի տնօրենը։

Հիշեցնենք` հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող երկու հնդիկ է վիրավորվել։
Մետալուրգիական գործարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ գործարանի աշխատանքը կաթվածահար վիճակում է։ Դրանց իրականացման ցանկացած փորձի դեպքում շինհրապարակում գտնվող աշխատողներն անմիջապես հայտնվում են Ադրբեջանի զինուժի ուղիղ թիրախում։
Երասխում կառուցվող երկաթի ձուլման գործարանի սեփականատերերը ամերիկյան «Վիրտուալ ֆոնդինգ» և «ՍԻԷՍԻ գլոբալ ինվեսթմենթս» ընկերություններն են։ Հուլիսի 14-ին նրանք համատեղ հայտարարությամբ դիմել էին Ադրբեջանին` զգուշացնելով, որ եթե Ադրբեջանը կրկին կրակի անզեն բանվորերի ուղղությամբ, իրենք դա կդիտարկեն ուղիղ հարված ամերիկյան կապիտալի ուղղությամբ։
Մինչ այդ` հունիսի 20–ին, Երասխում կառուցվող գործարանի շինհրապարակում բարձրացվել էին Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները։ Այս նախաձեռնության հեղինակները հույս ունեին, որ ամերիկյան դրոշի ներկայությունը զսպող ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի նկատմամբ։ Կրակոցները չդադարեցին ոչ դրոշները բարձրանալուց հետո, ոչ էլ անգամ օտարերկրյա դեսպանների այցելությունից հետո։
Բայց դատելով Ադրբեջանի` Երասխի նկատմամբ չդադարող ագրեսիայից` ո՛չ ամերիկյան ներդրողների հայտարարությունը և ո՛չ էլ ամերիկյան դրոշի առկայությունը Ադրբեջանի իշխանությունների վրա ոչ մի ազդեցություն չեն թողել։
Երասխում ադրբեջանական ագրեսիայի հետևանքները կներկայացվեն միջազգային կառույցներին. ՄԻՊ